Շատերի համար Միացյալ Նահանգները «երազանքների երկիր» է՝ անսահման հնարավորությունների ու նյութական ապահովության խորհրդանիշ։ Սակայն ստեղծագործողի ու արվեստագետի համար երբեմն ամենաշքեղ կյանքն անգամ կարող է վերածվել «հոգեպես մեռած» միջավայրի, եթե այնտեղ բացակայում է հայրենի հողի էներգետիկան։
Անահիտ Անանյան-Դեմիրճյանը՝ բազմաշնորհ արվեստագետ, նկարչուհի և բանաստեղծուհի, ով 22 տարի ապրել է ԱՄՆ-ում, ամիսներ առաջ կայացրել է իր կյանքի ամենակարևոր որոշումը՝ թողնել ամերիկյան կայացած կյանքն ու վերջնականապես հաստատվել Հայաստանում։ Մինչ Միացյալ Նահանգներ տեղափոխվելը, Անահիտ Անանյան-Դեմիրճյանն իր մասնագիտական լուրջ հետքն է թողել հայկական հեռուստաոլորտում՝ Հանրային հեռուստատեսությունում որպես ռեժիսոր և ռեժիսորի ասիստենտ կյանքի կոչելով մի շարք հայտնի նախագծեր։
Օտարությունն ու «կանչը»
Անահիտ Անանյանի պատմությունը սովորական հայրենադարձի պատմություն չէ։ Դա մի մարդու վերադարձ է, ով նույնիսկ օվկիանոսից այն կողմ երբեք չի կտրվել իր արմատներից։ «Ամերիկայում 22 տարի ապրելով՝ ես չէի զգում, որ այնտեղ եմ ապրում։ Իմ մի մասը միշտ Հայաստանում էր՝ հոգեպես։ Ես այդպես էլ չհարմարվեցի ամերիկյան կյանքին»,— խոստովանում է նա։ Ըստ արվեստագետի՝ Ամերիկան «վազքի մեջ գտնվող» երկիր է, որտեղ մարդն անընդհատ ֆինանսական ու կենցաղային խնդիրներ լուծելու լծի տակ է։ Չնայած նյութական ապահովությանը՝ Անահիտի ներսում տարիներ շարունակ կռիվ է գնացել, որն ի վերջո հանգեցրել է հայրենիք վերադառնալու պոռթկմանը։
Տեսիլքից մինչև կտավ. արվեստի խորհրդավոր ուղին
Անահիտի ստեղծագործական ուղին սկսվել է խորհրդավոր մի տեսիլքից, որը նա ստացել է տասնամյակներ առաջ։ Լուսնից իջած առեղծվածային կերպարը նրան հուշել է իր անհայտ տաղանդի մասին. «Այդ օրվանից անցել է ավելի քան 30 տարի, բայց ես այդ ուժը զգում եմ ամեն օր՝ 24 ժամ»։ Հենց այդ ներքին ուժն էլ առաջնորդում է նրան թե՛ նկարչության, թե՛ պոեզիայի մեջ։ Նրա կտավները, որոնք հաճախ պարունակում են սեպագրեր ու խորհրդավոր նշաններ, ոչ թե սոսկ պատկերներ են, այլ ներքին «կռվի» արդյունք. «Ստեղծագործելը կռիվ տալ է. մենք կռիվ ենք տալիս ինքներս մեր մեջ և այդ կռիվը հանձնում թղթին»։



Հայաստանը՝ որպես էներգետիկ հզոր դաշտ
Խոսելով հայրենադարձության մասին՝ Անահիտ Անանյան-Դեմիրճյանը շեշտում է, որ Հայաստան վերադառնալը ոչ միայն ֆիզիկական տեղափոխություն է, այլև հոգևոր առաքելություն։ Նրա համոզմամբ՝ յուրաքանչյուր հայրենադարձ իր հետ բերում է յուրահատուկ էներգետիկա, որն ուժեղացնում է երկիրը։ «Հայաստանը մի ուրիշ երկիր է էներգիայի դաշտով, աներևակայելի երկիր է։ Տիեզերքը երջանիկ է, որ մենք Հայաստանում ենք»,— ասում է նա։
Այսօր Անահիտն ամեն առավոտ բացում է իր պատուհանի վարագույրները՝ ողջունելու հայաստանյան արևն ու Արարատը։ Նա վստահ է՝ երբ Աստված մի բան վերցնում է, փոխարենը տասնապատիկն է տալիս։ Հայաստանում նա գտել է նոր ընկերներ, նոր ուսուցիչներ և ստեղծագործական այնպիսի ազատություն, որը հնարավոր չէր գտնել աշխարհի որևէ այլ կետում։
Վերջաբանի փոխարեն
Անահիտի պատմությունը լավագույն ապացույցն է, որ հայրենիքը միայն աշխարհագրական տարածք չէ։ Դա այն վայրն է, որտեղ ոտքերդ ամուր են, ձեռքերդ՝ հզոր, իսկ հոգիդ՝ տաք։ 22 տարվա բացթողումից հետո նա այժմ լրացնում է իր կյանքի էջերը նոր գույներով, հոգևոր երաժշտությամբ և հավատով, որ Հայաստանը կա, լինելու է և է՛լ ավելի լավն է լինելու։