Թեհրանում ձևավորվում է մի պատկերացում, որ Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի համար կենտրոն. Իրանի դեսպան




 

Ազատություն. Թեհրանում ձևավորվում է մի պատկերացում, որ Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի համար կենտրոն, այսօր տեղական մի քանի լրատվամիջոցների հետ ասուլիսում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպանը:


 


Դեսպան Խալիլ Շիրղոլամին, մասնավորապես, դժգոհել է իր երկրում հակակառավարական ցույցերի օրերին Երևանում Իրանի դեսպանատան դեմ մի խումբ իրանցիների բողոքի ակցիաներից:


 


Այդ ակցիաների մասնակիցները բողոքում էին Իրանում ցուցարարների սպանություններից, կրոնական իշխանության փոխարեն աշխարհիկ իշխանություն պահանջում:


 


Ըստ դեսպանի՝ եթե «թշնամական ուժերին հաջողվի մասնատել Իրանը, Հայաստանը ևս պարտվողների թվում է լինելու»:


 


«Մի խումբ մարդկանց կանաչ լույս է տրվում գալ Իրանի դեսպանատան դիմաց, նրանք շատ անհարգալից ու վիրավորական արտահայտություններով են հանդես գալիս: Եվ ի հեճուկս մեր բողոքի՝ այդ գործընթացը շարունակվում է», – ասել է դեսպանը՝ նշելով, որ իրենք բողոքել են Հայաստանի պատկան մարմիններին, սակայն դա արդյունք չի տվել, ցույցերը շարունակվել են:


 


Դիվանագետի խոսքով՝ Իրանի դեսպանատան առջև տեղի ունեցածը կմնա Իրանի ժողովրդի պատմական հիշողության մեջ, քանի որ «ամենադժվար ժամանակներում Իրանը կանգնել է Հայաստանի պետության և ժողովրդի կողքին»։


 


 


Leave a Comment