14 հունվարի 2026 – 18:34 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանի կառավարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություն, ըստ որի՝ Շանհայի վարկանիշավորման ցանկում ընդգրկված առաջին 50 բուհերից բակալավրիատը, մագիստրատուրան կամ ասպիրանտուրան ավարտած և ՀՀ-ում առնվազն 3 տարի պետականորեն որոշված ոլորտում աշխատած քաղաքացիները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից։ Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում փոփոխությունները ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Համակարգը կգործի՝ ներառելով տարկետման տրամադրման, աշխատանքային պարտավորության իրականացման և դրա հիմքով ծառայությունից ազատման հստակ մեխանիզմներ, հայտնում է Արմենպրեսը:
Համապատասխան ենթաօրենսդրական ակտերը կկարգավորեն այն գործընթացը, որով տարկետում ստացած քաղաքացիներն ուսումն ավարտելուց հետո պարտավոր կլինեն վերադառնալ Հայաստան և աշխատել նախատեսված պայմաններով՝ ստանալով զինվորական ծառայությունից ազատման իրավունք։
Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ 2018 թվականից ի վեր Շանհայի վարկանիշային ցանկում ընդգրկված համալսարաններում ուսանելու նպատակով տարկետում է ստացել մոտ 650 քաղաքացի, որոնցից 570-ը ներկայումս շարունակում է կրթությունը և օգտվում է տարկետման հնարավորությունից։
Նախարարի խոսքով՝ օրենքի փոփոխությունը նպատակ ունի ապահովել այդ մասնագետների վերադարձը Հայաստան և խթանել նրանց գիտելիքների կիրառումն ազգային շահերի սպասարկման համար։