Աստվածամուխ Սուրբ Գեղարդը անվտանգ, անխաթար ու անվնաս Մայր Աթոռում է, Քննչական կոմիտեից դուրս գալուց լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը։
«Այն, ինչ ասվում է, սուտ է ու զրպարտություն»,- նշեց Հայր Սուրբը։
Ինչ վերաբերում է ռուս ուղղափառ եկեղեցուն ինչ-որ բան նվիրելուն՝ Հայր Ասողիկն ասաց, որ դարեր շարունակ քրիստոնեական եկեղեցիներն իրար մասունքներ նվիրել են, նվիրում ու նվիրելու են։
«Դա բացառապես եկեղեցու իրավունքն է, որևէ մեկն այդտեղ անելիք չունի, եկեղեցին որոշում է, եկեղեցին նվիրում է, բայց և եկեղեցին գիտե, թե ինչ է նվիրում, ինչպես է նվիրում և ինչպես է այդ ամենի արդյունքում անխաթար մնում սրբությունը, որն առաջին դարից պահվել է հայոց աշխարհում»,- նշեց Հայր Ասողիկը։