Իրանը զգուշացրել է հարևան երկրներին, որոնց տարածքում տեղակայված են ամերիկյան զորքեր, որ պատրաստ է հարվածներ հասցնել ԱՄՆ բազաներին, եթե Վաշինգտոնը միջամտի երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերին։ Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով անանուն իրանցի պաշտոնյային։
Թեհրանը համապատասխան ազդակներ է փոխանցել տարածաշրջանի մի շարք պետությունների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիային, ԱՄԷ-ին և Թուրքիային։ Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ այդ երկրներում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտները կդառնան թիրախ, եթե ԱՄՆ-ն գործողություններ ձեռնարկի Իրանի դեմ։ Միևնույն ժամանակ, լարվածության աճի ֆոնին դադարեցվել են Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի միջև ուղղակի շփումները։
Գործակալությունը նաև հայտնել է, որ անձնակազմի մի մասը տեղեկացվել է Կատարում գտնվող ամերիկյան «Ալ-Ուդեյդ» ավիաբազան լքելու անհրաժեշտության մասին։
Ճգնաժամի ֆոնին Իրանն ակտիվացրել է շփումները տարածաշրջանային գործընկերների հետ։ Իրանական պետական լրատվամիջոցների տվյալներով՝ Իրանի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարությունը և երկրի ԱԳ նախարարը բանակցություններ են վարել Կատարի, ԱՄԷ-ի և Թուրքիայի ներկայացուցիչների հետ՝ ընդգծելով երկրի ինքնիշխանությունը ցանկացած արտաքին միջամտությունից պաշտպանելու պատրաստակամությունը։
Բողոքի ցույցերն Իրանում սկսվել էին 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ իրանական ռիալի կտրուկ արժեզրկումից և գների բարձրացումից հետո։ Ավելի վաղ Թրամփը բազմիցս հայտարարել էր Իրանին հարվածելու հնարավորության մասին, եթե երկրի իշխանությունները սկսեն սպանել բողոքի ակցիաների մասնակիցներին։ Նա նաև հայտարարել էր Իրանի հետ բիզնես վարող երկրների արտադրանքի համար 25%-անոց ներմուծման մաքսատուրքեր սահմանելու մասին և կոչ է8 արել ԱՄՆ քաղաքացիներին անհապաղ լքել երկիրը։
