13 հունվարի 2026 – 15:55 AMT
PanARMENIAN.Net – Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ՀՀ զինված ուժերն արդեն ունեն որոշակի սպառազինություն և սպասում են նոր համալրումների։
«ՍՈւ-30 կործանիչները բավականին լավ կործանիչներ են, շատ բարձր եմ գնահատում դրանց դերը, կարծում եմ, որ իրենք մեծ դեր կարող են ունենալ մեր երկրի և՛ հակաօդային պաշտպանության, և՛ տարածքային ամբողջականության պաշտպանության գործում», – նշել է նախարարը, հայտնում է Aysor.am-ը:
Ինչ վերաբերում է թվաքանակի ավելացմանը՝ նախարարն առաջարկել է այս պահին սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումների մասին տեղեկատվություն չտրամադրել։
«Բայց այն, որ ՀՀ Զինված ուժերը շարունակելու է սպառազինվել նորագույն տեխնիկայով, հավաստիացնում եմ։ Այն, որ մենք նորագույն տեխնիկա ենք ձեռք բերում ու փորձում ենք, որ դա լինի ՆԱՏՕ-ական ստանդարտների սպառազինություն, դա չի նշանակում, որ հրաժարվել ենք նախկինում ունեցած մեր սպառազինությունից։ Շարունակելու ենք դրանք թարմացնել, ադապտացնել նոր սպառազինության հետ», – նշել է Պապիկյանը։
Անդրադառնալով Հայաստանի ինքնապաշտպանական կարողություններին՝ նա նշել է, որ երկիրը հիմնվում է սեփական ներուժի վրա և խաղաղությունն է համարում հիմնական ճանապարհ՝ անվտանգության ռիսկերն ուղղորդելու համար։ Նա այդպես է պատասխանել այն հարցին, թե արդյոք ունե՞նք միջոցներ, որպեսզի պատերազմական իրավիճակում հանկարծակիի չգանք այն դեպքում, եթե դաշնակիցներն օգնության չհասնեն, հայտնում է 1lurer.am-ը:
«Մենք հույսը դնում ենք մեզ վրա, և, բնականաբար, այս համատեքստում կարծում ենք, որ խաղաղությունն այն ճանապարհն է, որը կչեզոքացնի ձեր կողմից նշված ռիսկերը», – ասել է Պապիկյանը:
Նախարարը ընդգծել է, որ ձեռք բերված սպառազինությունն իր բնույթով պաշտպանողական է և ներառում է թե՛ տարբեր տեսակի ԱԹՍ-ներ, թե՛ սպառազինության այլ համալիրներ։
«Ինչ վերաբերում է զենքերին, դրանք տարբեր տեսակի են։ Բնականաբար, պաշտպանողական են՝ սկսած տարբեր տեսակի, բազմազան ԱԹՍ-ներից մինչև սպառազինության այլ տեսակներ։ Կարող եմ ասել, որ դրանք բավականին մրցունակ են, և արդեն իսկ առաջացնում են շատ երկրների հետաքրքրություն», – նշել է Պապիկյանը։
Նա ընդգծել է, որ սպառազինման գործընթացը շարունակական է և առանց դրա հնարավոր չէ կառուցել ժամանակակից, պրոֆեսիոնալ զինված ուժեր։
«Սպառազինումը շարունակվում է, պիտի շարունակվի, որովհետև առանց սպառազինության՝ պրոֆեսիոնալ բանակ հնարավոր չէ ունենալ», – ամփոփել է պաշտպանության նախարարը։
2025 թվականին պաշտպանության ծախսերը կազմել են 664 միլիարդ դրամ կամ մոտ 1 մլրդ 741 մլն դոլար։ Պապիկյանը հիշեցրել է, որ 2018-ի համեմատ այս ոլորտի բյուջեն ավելացել է մոտ 1․1 միլիարդ դոլարով։
2026-ի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է ռազմական ծախսերի կրճատում՝ ավելի քան 15 տոկոսով, ինչը նախկինում քննադատվել էր ընդդիմության կողմից։ Նրանք պնդել էին, թե այս որոշման հիմքում ադրբեջանական կողմի պահանջն է։ Մինչդեռ, ըստ Պապիկյանի, այդ նվազեցումը չի նշանակում պաշտպանունակության թուլացում։