ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հրապարակել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի իրականացման շրջանակը:
Այն 2025թ. օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ձեռք բերված պատմական համաձայնությունների գործնական փուլի մեկնարկն է տալիս:
TRIPP զարգացման ընկերություն
Նախագծի իրականացման նպատակով կստեղծվի TRIPP զարգացման ընկերություն, որը կունենա հետևյալ բաժնետիրական բաշխումը.
* 74% մասնաբաժին՝ ԱՄՆ-ին (իր նախնական ներդրման դիմաց):
* 26% մասնաբաժին՝ Հայաստանին (ներդրումը՝ հողօգտագործման իրավունք և ենթակառուցվածքներ):
Հայաստանի մասնաբաժինը նախատեսվում է հասցնել 49%-ի: Ընկերությանը տրվում է կառուցապատման բացառիկ իրավունք 49 տարի նախնական ժամկետով:
Ընկերությունը պատասխանատու է լինելու Հայաստանի տարածքով անխոչընդոտ բազմամոդալ տարանցիկ ուղիների համար, որոնք կկապեն Ադրբեջանը Նախիջևանի հետ և կդառնան Տրանս-Կասպյան երթուղու առանցքային մասը:
Ինչ է ներառում ծրագիրը
Ծրագիրը ներառում է երկաթուղային և ճանապարհային ենթակառուցվածքներ, էներգետիկ ուղիներ (նավթատարներ, գազատարներ), թվային ենթակառուցվածքներ (օպտիկամանրաթելային ցանցեր):
Փաստաթղթում շեշտվում է, որ Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը սահմանային և մաքսային հարցերում բացարձակ են և անքննարկելի:
«Ֆրոնտ օֆիս» (երրորդ կողմ օպերատորներ)
Ըստ հայտարարության՝ ակնկալվում է, որ Հայաստանի ինքնիշխանության ու իրավազորության պահպանմամբ ԹՐԻՓՓ-ի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կկիրառվի «ֆրոնտ օֆիս – բեք օֆիս» մոդելը՝ օգտագործելով թվային գործիքներ անխոչընդոտ կապը դյուրացնելու համար։
Նախատեսվում է, որ ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հետ պայմանագիր կնքած մասնավոր օպերատորները կմատուցեն հաճախորդների առերես սպասարկման ծառայությունները, ինչպիսիք են օրինակ՝ փաստաթղթերի նախնական հավաքագրում ստուգման համար, տեղեկատվության և ուղեցույցի տրամադրում օգտվողների համար, առևտրի և տարանցման վճարների հավաքագրում և վճարումների մշակում:
Ընդ որում, ՀՀ հարկերը, մաքսային տուրքերը և այլ պարտադիր վճարները պետք է գանձվեն ՀՀ պետական բյուջե՝ համաձայն գործող օրենսդրության և հարկաբյուջետային ընթացակարգերի:
Ռազմավարական ակնկալիքներ
Վաշինգտոնի համար սա հնարավորություն է ապահովելու կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ մետաղների հոսքը դեպի ամերիկյան շուկա: Հայաստանի համար նախագիծը խոստանում է խոշոր ներդրումներ, նոր աշխատատեղեր և ռազմավարական գործընկերության ամրապնդում ԱՄՆ-ի հետ:
