Մենք հույսը դնում ենք մեզ վրա, և, բնականաբար, այս համատեքստում կարծում ենք, որ խաղաղությունն այն ճանապարհն է, որը կչեզոքացնի ձեր կողմից նշված ռիսկերը: Այդ մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ունե՞նք միջոցներ, որպեսզի պատերազմական իրավիճակում հանկարծակիի չգանք այն դեպքում, եթե դաշնակիցներն օգնության չհասնեն:
«Ինչ վերաբերում է զենքերին, դրանք տարբեր տեսակի են: Բնականաբար, պաշտպանողական են՝ սկսած տարբեր տեսակի, բազմազան ԱԹՍ-ներից մինչև սպառազինության այլ տեսակներ: Կարող եմ ասել, որ դրանք բավականին մրցունակ են, և արդեն իսկ առաջացնում են շատ երկրների հետաքրքրություն»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է սպառազինության մասով ծրագրերին, Պապիկյանը հայտարարել է. «Սպառազինումը շարունակվում է, պիտի շարունակվի, որովհետև առանց սպառազինության՝ պրոֆեսիոնալ բանակ հնարավոր չէ ունենալ»:
Անդրադառնալով պաշտպանական ոլորտի ծախսերին պաշտպանության նախարարը նշել է․
«Իմ տեղեկություններով՝ Ադրբեջանը ևս կրճատել է ծախսերը, բայց Ադրբեջանի ծախսերը իմ խնդիրը չեն, ես կխոսեմ մեր ծախսերի մասին: Ինչպես նշեցի՝ վերջին 3 տարիների ընթացքում էապես փոխվել է ԶՈՒ-ին հատկացվող դրամական միջոցների թիվը: Նշեցի՝ 2018 թվականի նկատմամբ այն կազմում է 1.1 մլրդ դոլար, այն պարագայում, երբ 2018 թվականին կազմել է 640 մլն-ի կարգի: Եթե համեմատության մեջ դնեք, կտեսնեք՝ ինչ էական փոփոխությունների մասին է: Մենք չենք պատրաստվում մտնել մրցավազքի մեջ և մեր ողջ տնտեսությունը գամել սպառազինության ձեռքբերմանը և, ըստ էության, տնտեսության քանդմանը»,- նշել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։