13 հունվարի 2026 – 15:38 AMT
PanARMENIAN.Net – «Մարտի 1»-ի քրեական վարույթով մեղադրյալ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Սաշա Աֆյանի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է` վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան, հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն:
Քրեական վարութով հիմնավորվել է, որ Աֆյանը 2008 թվականի մարտի 1-ին կազմակերպել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու, ապա՝ քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելու գործողությունները, որի հետևանքով հասարակության և պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Ֆարմանյանն ընդդեմ Հայաստանի»՝ Մարտի 1-ի ինը զոհերի գործով վճիռը: Դատարանն արձանագրել է, որ զոհերի մեծ մասի դեպքում Հայաստանը խախտել է նրանց կյանքի իրավունքը։ՄԻԵԴ-ի վճռով ՀՀ-ն պարտավոր է յուրաքանչյուր զոհի հարազատի վճարել 30 հազարական եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, 35 հազար եվրո՝ դատական ծախսերի հատուցման համար։