Խմելու ջուր, կաթ, մրգեր՝ ի՞նչ է թույլատրված մանկապարտեզներում 2026թ.-ի հունվարի 1-ից

Iravaban.net-ը ուսումնասիրել է ՀՀ առողջապահության նախարարի 2025 թվականի մայիսի 5-ի N 41-Ն հրամանը, որով հաստատված «Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» նորմատիվը գործում է արդեն մեկ շաբաթ՝ 2026 թվականի հունվարի 1-ից։ Նոր կարգավորումը սահմանում է խիստ պահանջներ մանկապարտեզներում երեխաների սնուցմանը՝ թույլատրելով միայն առողջ և անվտանգ սննդամթերքերը։

Ըմպելիքների թույլատրված ցանկը

Հրամանի 18-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված է, որ մանկապարտեզներում երեխաներին պետք է տրամադրվեն հետևյալ ըմպելիքները՝

Խմելու ջուր՝ 18-րդ կետի 4-րդ ենթակետի «ա» պարբերությունով սահմանված է՝ խմելու ջուր՝ մշտապես։ Սա նշանակում է, որ ջուրը պետք է անընդհատ հասանելի լինի երեխաներին։

Կաթ՝ 18-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունով և 4-րդ ենթակետի «բ» պարբերությունով սահմանված է՝

  • Անյուղ կամ ցածր յուղայնությամբ կաթ՝3-6 տարեկան երեխաների համար՝ առավելագույնը 2,5% յուղայնությամբ՝ ամեն օր,
  • Անարատ կաթ՝1-2 տարեկանների համար՝ ամեն օր։

Մրգային և բանջարեղենային ըմպելիքներ՝ 18-րդ կետի 4-րդ ենթակետի «գ» պարբերությունով սահմանված է՝ մրգային կամ բանջարեղենային հյութ կամ կոմպոտ՝ սեզոնային մրգերով, հատապտուղներով, չորամրգերով (ոչ ավելի, քան 5 գրամ ավելացված շաքարի պարունակությամբ կամ մեղրի)։

Կաթնային ըմպելիքներ՝ 18-րդ կետի 4-րդ ենթակետի «դ» պարբերությունով սահմանված է՝ պարզ ֆերմենտացված կաթով (օրինակ՝ ըմպելի յոգուրտ) ըմպելիքներ (ցածր յուղայնությամբ՝ ոչ ավելի, քան 5 գրամ ավելացված շաքարի պարունակությամբ)։

Կակաո՝ 18-րդ կետի 4-րդ ենթակետի «ե» պարբերությունով սահմանված է՝ կակաո (ոչ ավելի, քան 5 գրամ ավելացված շաքարի պարունակությամբ)։

Միրգ և բանջարեղեն՝ ամեն օր պարտադիր

18-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված է, որ ճաշացուցակում ներառվում են՝

Բանջարեղեն՝

  • «ա» պարբերությունով՝ առնվազն երկու չափաբաժին բանջարեղեն կամ աղցան, բացառությամբ օսլա պարունակող բանջարեղենի (կարտոֆիլ, կանաչ ոլոռ, եգիպտացորեն)՝ ամեն օր,
  • «գ» պարբերությունով՝ առնվազն երեք տարբեր բանջարեղեն՝ ամեն շաբաթ։

Միրգ՝

  • «բ» պարբերությունով՝ առնվազն երկու չափաբաժին միրգ՝ ամեն օր,
  • «գ» պարբերությունով՝ առնվազն երեք տարբեր մրգեր՝ ամեն շաբաթ։

Կաթ և կաթնամթերք

18-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված է՝

Կաթ և կաթնաթթվային մթերք՝

  • «ա» պարբերությունով՝ անյուղ կամ ցածր յուղայնությամբ (առավելագույնը 2,5%) չհամեմված կաթ՝ կամ անյուղ կամ ցածր յուղայնությամբ (բացառությամբ կաթնաշոռի և պանրի) կաթնաթթվային սննդամթերք՝ առնվազն մեկ չափաբաժին՝ ամեն օր։ Մինչև 2 տարեկան երեխաներին տրամադրվում է անարատ կաթ կամ անարատ կաթից պատրաստված կաթնաթթվային սննդամթերք։

Պանիր՝

  • «բ» պարբերությունով՝ պանիր՝ շաբաթական 2-3 անգամ։

Կաթնաշոռ՝

  • «գ» պարբերությունով՝ կաթնաշոռ՝ առավելագույնը 9% յուղայնության՝ շաբաթական 2-3 անգամ։

33-րդ կետի 12-րդ ենթակետով հստակեցված է՝ կաթնաշոռը օգտագործում են ջերմային մշակումից հետո՝ թխվածքաճաշերի և թխվածքների տեսքով։

Սպիտակուցի աղբյուրներ՝ միս, ձուկ, ձու, լոբազգիներ

18-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված է՝

  • «ա» պարբերությունով՝ սննդի այս խմբի առնվազն մեկ սննդամթերքից առնվազն մեկ չափաբաժին՝ ամեն օր,
  • «բ» պարբերությունով՝ մսի, թռչնամսի մեկ չափաբաժին՝ շաբաթական 2-3 անգամ,
  • «գ» պարբերությունով՝ ձկան մեկ չափաբաժին՝ ոչ ավելի, քան շաբաթական 2 անգամ։

Հաց և ամբողջահատիկ սնունդ

18-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված է՝

Հաց՝

  • հաց, այդ թվում 2-րդ կարգի ալյուրից՝ առանց ավելացված կենդանական կամ բուսական յուղի՝ ամեն օր,
  • ամբողջահատիկից պատրաստված հաց՝ շաբաթական առնվազն մեկ օր։

Ամբողջահատիկ պարունակող սնունդ՝

  • « ամբողջահատիկ պարունակող սնունդ (ամբողջահատիկ ցորենից հաց, ամբողջահատիկ ցորենից մակարոնեղեն, հնդկաձավար, վարսակ, բլղուր, հաճար և այլն)՝ շաբաթական առնվազն 2 անգամ։

Խմորեղեն՝ 18-րդ կետի 6-րդ ենթակետի «ա» պարբերությունով՝ խմորեղեն (ոչ կրեմային)՝ առավելագույնը երկու չափաբաժին շաբաթական։

Թույլատրված խորտիկներ

18-րդ կետի 6-րդ ենթակետի «բ» պարբերությունով սահմանված է՝ որպես խորտիկ թույլատրվում է օգտագործել բանջարեղեն և միրգ՝ առանց աղի, շաքարի կամ ճարպի ավելացման։

Նույն կետի «դ» պարբերությունով թույլատրվում են յոգուրտի կամ մրգային հիմքով աղանդեր, որոնք պարունակում են առնվազն 50% միրգ։

Պատրաստման թույլատրված եղանակները

25-րդ կետով սահմանված է՝ խոհարարական արտադրանքի պատրաստման ժամանակ օգտագործում են եփման, շոգեխաշման, ջեռեփման եղանակները և թխվածքաճաշերի տեսքով պատրաստված կերակրատեսակները։

Սա նշանակում է, որ մանկապարտեզներում թույլատրված են՝

  • եփած կերակրատեսակներ,
  • շոգեխաշած կերակրատեսակներ,
  • ջեռեփած կերակրատեսակներ,
  • թխվածքաճաշեր։

Շաքարի սահմանափակում

ավելացված շաքարները՝ 10%-ից ոչ ավելի ընդհանուր էներգիայի,

  • մրգային կամ բանջարեղենային հյութ կամ կոմպոտ՝ ոչ ավելի, քան 5 գրամ ավելացված շաքարի պարունակությամբ,
  • յոգուրտ՝ ոչ ավելի, քան 5 գրամ ավելացված շաքարի,
  • կակաո՝ ոչ ավելի, քան 5 գրամ ավելացված շաքարի։

Աղի օգտագործում

33-րդ կետի 16-րդ ենթակետով սահմանված է՝ օգտագործվում է միայն յոդացված աղ։

18-րդ կետի 6-րդ ենթակետի «դ» և «ե» պարբերություններով սահմանված է՝

  • Աղը չպետք է հասանելի լինի պատրաստի սննդին ավելացնելու համար,
  • Ցանկացած համեմունք պետք է տրամադրվի սահմանափակ չափաբաժիններով։

Օրական սնուցման ռեժիմը

  • սննդի կազմակերպումը նախատեսում է՝ օրական առնվազն 2 անգամ տաք խոհարարական արտադրանքի օգտագործումը,
  • շուրջօրյա գործող հաստատությունների (խմբերի) երեխաների համար սնունդը կազմակերպվում է օրը 4-5 անգամ, Սննդի ընդունման միջև ընկած ժամանակահատվածը սահմանվում է ոչ ավելին, քան 3.5-4 ժամ՝ 3-6 տարեկան երեխաների համար և 2-3 ժամ՝ 1-2 տարեկան երեխաների համար։

Սննդանյութերի հավասարակշռությունը

5-րդ կետով սահմանված է հավասարակշռված սնուցման հիմնական սկզբունքը՝

Ածխաջրեր՝ ընդհանուր էներգիայի 45-65%-ը, որից ավելացված շաքարները՝ 10%-ից ոչ ավելի։

Ճարպեր՝

  • ընդհանուր էներգիայի 30-40%-ը՝ 1-ից 3 տարեկան երեխաների համար,
  • 25-35%-ը՝ 3-ից 6 տարեկան երեխաների համար,
  • որից հագեցած ճարպաթթուները՝ 10%-ից ոչ ավելի։

Սպիտակուցներ՝

  • 5-20%՝ 1-ից 3 տարեկան երեխաների համար,
  • 10-30%՝ 3-ից 6 տարեկանների համար։

Վիտամիններ և հանքային նյութեր

4-րդ կետի համաձայն՝ հաստատություններում առանձին տարիքային խմբերի երեխաների համար սահմանված են սննդանյութերի (սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր) և էներգիայի օրական ֆիզիոլոգիական պահանջի նորմերը։

Ճաշացուցակը կազմվելու և կալորիականության հաշվարկը կատարելու ժամանակ պահպանվում է հաշվեկշռված սնուցման հիմնական սկզբունքը։

Նոր նորմատիվը փոխարինում է 2013 թվականից գործող կարգավորմանը և արտացոլում է երեխաների առողջ սնուցման արդի գիտական մոտեցումները։ Կարգավորումը պարտադիր է բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատությունների համար՝ անկախ սեփականության ձևից և գերատեսչական պատկանելությունից,- տեղեկացնում է Iravaban.net-ը։

Leave a Comment