ԶԼՄ․ Թրամփին ներկայացվել են Իրանի հարցով սցենարներ՝ դիվանագիտությունից մինչև ռազմական հարված

Դոնալդ Թրամփին ներկայացվել են Թեհրանի նկատմամբ հնարավոր գործողությունների տարբերակները

ԶԼՄ․ Թրամփին ներկայացվել են Իրանի հարցով սցենարներ՝ դիվանագիտությունից մինչև ռազմական հարված


ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացվել են Թեհրանի նկատմամբ հնարավոր գործողությունների տարբերակները։


Ինչպես նշում է «Կոմերսանտը»՝ հղում անելով ամերիկյան լրատվամիջոցներին, ռազմական հնարավոր սցենարի առանցքային տարր են դիտարկվում օդային հարվածները։ Աղբյուրները մատնանշում են, որ Պենտագոնը միաժամանակ մշակում է նաև տևական հակամարտության տարբերակներ։ Դրանց թվում են, ըստ լրատվամիջոցների, կիբերտիրույթում իրականացվող գործողությունները և այսպես կոչված «հոգեբանական արշավները», որոնք ուղղված են Իրանի հրամանատարական կառույցների, կապի համակարգերի և պետական լրատվամիջոցների աշխատանքի խաթարմանը։


Այս ֆոնին ԱՄՆ վարչակազմում պահպանվում են տարաձայնություններ։ Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաները, ներառյալ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, ըստ The Wall Street Journal-ի, կողմ են դիվանագիտական կարգավորմանը և նախագահին կոչ են անում զերծ մնալ ուժային սցենարից։


Միևնույն ժամանակ, ինչպես հայտնում է ՌԲԿ-ն՝ հղում անելով WSJ-ին, ինքը՝ Դոնալդ Թրամփը, ներկայումս հակված է ռազմական հարվածներ արտոնելու հնարավորությանը՝ դրանք շաղկապելով Իրանում բողոքի ցույցերի դաժան ճնշման հետ։ Նմանատիպ տեղեկատվություն է հաղորդում նաև Axios-ը՝ նշելով, որ վարչակազմի աշխատակիցների մի մասը նման հարվածները համարում է հակաարդյունավետ։


Միաժամանակ, ըստ The Wall Street Journal-ի, Սպիտակ տանը քննարկվում է միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ վարելու վերաբերյալ Թեհրանի վերջին առաջարկը։ Թրամփն ավելի վաղ լրագրողներին հայտարարել էր Իրանի՝ երկխոսության պատրաստակամության մասին։


Leave a Comment