Ժամկետային զինծառայության ժամկետը կրճատելու մասին որոշումը կայացվել է դեռևս 2021 թվականին. Պապիկյան

Բանակում ժամկետային զինծառայության ժամկետը 24 ամսից 18 ամիս կրճատելու մասին որոշումը կայացվել է դեռևս 2021 թվականին, այդ որոշումը ներկայացված է եղել կառավարության 2021-2026 թվականների ծրագրում։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

 «2023 թվականի համեմատ՝ 2025 թվականին զորակոչը ավելացել է 19 տոկոսով։ Սա օրենքների փոփոխությունների և կառավարության որոշումների արդյունք է։

«Պաշտպան հայրենյաց»  ծրագիրը 2.5 տարվա ընթացքում տվել է մեզ նոր ցուցանիշներ։

Այդ ծրագիրը, որը 5 տարի էր նախկինում և 5 տարի ծառայելուց հետո շահառուները կարող էին ստանալ 5 միլիոն դրամ պատվովճար, մենք հիմա պայամանգիրը ավելացնում ենք ևս 2 և ևս 5 տարով, որի արդյունքում շահառուները կարող են ստանալ 1,5 միլիոն երկու տարվա համար՝ հանրագումարով 7․ 5 տարի ծառայելու պարագայում և 5 միլիոն դրամ պատվովճար։ 10 տարվա հանրագումարով կստանան 10 միլիոն դրամ պատվովճար։ Սա նպատակ ունի ապահովել ծրագրի շարունակականությունը և ամրացնել ծրագրի հիմքը և ունենալ մշտական պրոֆեսիոնալ բանակի կայուն շարունակականություն, որը կբխի պարտադիր զինվորական ծառայությունից։

2-2,5 տարվա ընացքում «Պաշտպան հայրենյացի» շահառուների թիվը կազմում է 4234 զինծառայող, որը գնալով աճում է։ Մենք այս պահին ունենք 906 դիմում, և հույս ունեմ, որ մինչև պայմանագրերի կնքման ավարտը այն կավելանա 200-ով», – ասաց Սուրեն Պապիկյանը։

Նախարարն ընդգծեց  պահեստազորայինների 25-օրյա վարժական հավաքների կարևորությունը, քանի որ դա ապահովում է կապը նրանց միջև, ինչպես նաև բանակի և թիկունքի միջև։

«Սա 44-օրյա պատերազմի ժամանակ ամենալուրջ խնդիրներից մեկն էր։ Չեմ կարող ասել, որ այն ամբողջությամբ լուծված է, բայց հիմքերը դրված են», – ասաց Պապիկյանը։

Նրա խոսքով՝ այն փաստը, որ 25-օրյա հավաքների շրջանակներում պահեստազորայինների համալրումը հասնում է 100%-ի, նշանակում է, որ նախկինում ընդունված որոշումները արդարացված են։

Leave a Comment