Այո՛, կա իրականություն, որը հետևյալն է. Սև լճի մերձակայքում գտնվող դիրք բարձրանալիս հայ զինվորներն անցնում են ադրբեջանական դիրքի կողքով, սակայն ադրբեջանցի զինվորականները նրանց չեն ստուգում։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նրա խոսքով՝ ընտրանքը հետևյալն է՝ կա՛մ թողնել այդ դիրքը, կա՛մ անցնել ադրբեջանական դիրքի կողքով։
«Ես չեմ դրա հեղինակը՝ որպես Պաշտպանության նախարար։ Ես չեմ դրա շահառուն։ Նրանք անցնում են կողքով, գուցե նույնիսկ բարևեն ու զրուցեն։ Այս փուլում բացարձակապես ոչ մի խնդիր չկա։ Ամիսներ շարունակ ոչ մի խնդիր չի առաջանում», – հավաստիացրեց նախարարը։
Պատասխանելով Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական տարածքների ազատագրման վերաբերյալ հարցին՝ նախարարը հայտարարեց, որ հարցը գտնվում է սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների իրավասության շրջանակներում։
Սուրեն Պապիկյանը միաժամանակ հայտարարեց՝ Հայաստանը չի պատրաստվում որևէ մեկի հետ մրցավազքի մեջ մտնել սպառազինությունների հարցում, այդ թվում՝ Ադրբեջանի։
Նախարարը, սակայն, շեշտեց՝ դա չի նշանակում, թե Հայաստանը դադարեցնում է գնումներն ու բանակի արդիականացումը։