Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն The Economist-ին տեսահարցազրույց է տվել, որ հեռարձակվել է հունվարի 9 –ին: Այդ մասին հայտնել է իսրայելական ռուսալեզու vesty-ին: Նաթանյահուն անդրադարձել է անցյալ տարեվերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը և բավական ուշագրավ բացահայտում արել:
Նա ասել է, որ Միացյալ Նահանգների նախագահին շնորհակալություն է հայտնել Իսրայելին տասնամյակներ ի վեր ցուցաբերած ռազմական աջակցության համար և իրազեկել, որ առաջիկա տասը տարիների կտրվածքով հրեական պետությունը կկարողանա ինքնուրույն լուծել այդ հարցը:
Նաթանյահուն այդ հեռանկարը հիմնավորել է տնտեսական կանխատեսումներով: Ըստ նրա, առաջիկա տասը տարիներին Իսրայելի համախառն ներքին արդյունքը կկազմի մեկ տրիլիոն դոլար, ինչը «փոքր թիվ չէ»:
Իսրայելը, չհանդիսանալով ՆԱՏՕ-ի անդամ, Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների ռազմավարական դաշնակիցն է և, իրոք, տասնամյակներ ի վեր օգտվում է Վաշինգտոնի օժանդակությունից: Խոսքը միայն ֆինանսական անհատույց միջոցների մասին չէ, այլև՝ արդիական սպառազինությունների և տեխնոլոգիաների:
Ամերիկյան աջակցությունը, ինչպես հասկացվում է, Նաթանյահուի խոսքից, կշարունակվի ևս մեկ տասնամյակ:
Դժվար է ասել, թե ռազմա-քաղաքական կարևորագույն նշանակության այդ քայլն ո՞ւմ նախաձեռնությունն է: Բացառված չէ, որ Միացյալ Նահանգներն է Իսրայելի «հասունացման վերջնաժամկետ» սահմանել:
Վաշինգտոնը տարածաշրջանի երկրների, առաջին հերթին՝ Պարսից ծոցի արաբական միապետությունների և Թուրքիայի, հետ սկզբունքորեն նոր որակի և մակարդակի հարաբերությունների է ձգտում, որ շատ հաճախ միջնորդավորվում են Իսրայելի նկատմամբ նրանց դիրքորոշմամբ:
Նախագահության առաջին շրջանում Դոնալդ Թրամփը փորձել է այդ խնդիրը կարգավորել «Աբրահամի համաձայնագրի» միջոցով: Բայց արդեն, թերևս, պարզ է, որ այդ նախագիծը սկզբունքորեն չի աշխատում. արաբական աշխարհն Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը պայմանավորում է Պաղեստինի անկախ պետության ճանաչմամբ, ինչին Երուսաղեմը չի ընդառաջում:
Որքանո՞վ Իսրայելին կհաջողվի «հասունության քննություն անցնել» կամ առհասարակ այդ նպատակադրվածությունը ժամանակի ի՞նչ տիրույթում և ինչպե՞ս կիրականանա՝ բարդ է ասել: Իսրայելական աղբյուրները հայտնել են, որ կառավարությունը ծրագրում է առաջիկա տարիներին բանակի եւ սպառազինությունների արդիականացման նպատակով գրեթե կես միլիարդ շեկել ծախսել:
Այս ֆոնին «Ազգայնական շարժում» կուսակցության ներկայացուցիչ Յալչինը հայտարարել է Թուրքիայի «ազգային միջուկային ծրագիր սկսելու անհրաժեշտության» մասին: Ըստ երևույթին, Անկարայում կարծում են, որ Իսրայելին օգնությունը դադարեցնելուց առաջ Միացյալ Նահանգները կարող է «լեգիտիմացնել հրեական միջուկային պետության կարգավիճակը» և մտադիր են ունենալ սեփական համարժեք զինանոցը:
Ամենայն հավանականությամբ, Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ Միացյալ Նահանգների կոշտ անհանդուրժողականությունը պայմանավորված է Իսրայելի «հասունացմամբ»: