20-րդ դարը ոչ միայն պատերազմների և գաղափարախոսությունների դար էր, այլ նաև մեծ հոգևոր փորձության շրջան։ Եկեղեցին, որը դարեր շարունակ եղել է հայ ազգի խիղճը, հանկարծ հայտնվեց ոչ միայն արտաքին ճնշումների տակ, այլ՝ առավել վտանգավորը՝ ներքին ապստամբության։ Եվ այդ ապստամբությունը շատ հաճախ կրում էր «բարենորոգման» դիմակ։
Բայց պատմությունը մի բան հստակ ցույց է տալիս․ ամեն վտանգավոր քայքայումները կատարվում են ոչ թե թշնամու ձեռքով, այլ բարեկամի շուրթերով։
Կեղծ բարենորոգիչը երբեք չի գալիս խոնարհությամբ։ Նա գալիս է ամբարտավանությամբ։ Նա չի ասում՝ «ես սխալ եմ», նա ասում է՝ «բոլորը սխալ են, բացի ինձնից»։ Սա արդեն ոչ թե բարենորոգում է, այլ հոգևոր նարցիսիզմ։
Իրական բարենորոգիչը ներսից է սկսում՝ իր մեղքից, իր անկատարությունից, իր խաչից։ Կեղծ բարենորոգիչը սկսում է ուրիշներից՝ մեղադրելով, պիտակավորելով, հրապարակային դատելով։
Տիրադավությունը սկսվում է այն պահից, երբ հոգևորականը այլևս չի վախենում Աստծուց, այլ սկսում է օգտագործել Աստծուն։ Երբ նա աղոթքը դարձնում է հայտարարություն, իսկ Ավետարանը՝ հռետորաբանություն։
Այդպիսի «հոգևորականը» չի քարոզում ապաշխարություն, նա քարոզում է դիրքորոշում։ Նա չի տանում դեպի Փրկություն, նա տանում է դեպի հրապարակ։ Իսկ հրապարակը երբեք չի եղել փրկության վայր։ Հրապարակը միշտ եղել է խաչելության վայր։
Ուստի երբ ոմանք, «բարենորոգման» անվան տակ, հարվածում են Եկեղեցու հեղինակությանը, նրանք կամ չեն հասկանում, թե ինչ են անում, կամ՝ ինչը ավելի սարսափելի է՝ շատ լավ հասկանում են։
Ժամանակակից «կեղծ բարենորոգիչների» սիրելի հնարքներից մեկն է անհնազանդությունը ներկայացնել որպես քաջություն։ Նրանք ապստամբությունը փաթեթավորում են որպես «ազատ մտածողություն», անարգանքը՝ որպես «անկեղծություն», իսկ խախտումը՝ որպես «նոր ժամանակների պահանջ»։
Ես՝ Տեր Սիոն քահանա Հայրապետյանս, իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։
Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին: