Հունվարի 4-ին Նիկոլ Փաշինյանն իր կեցավայրում ընդունեց «տիրադավ» անունը ստացած մի խումբ եպիսկոպոսների և նրանց հետ քննարկեց Հայ Եկեղեցու «բարենորոգման» ճանապարհային քարտեզը։
Քննարկման արդյունքում կազմվեց մի «փաստաթուղթ», որն արժանացավ «ղազագիր» բնորոշմանը և հանդիսավոր տեսագրության ներքո ստորագրվեց ներկա սրբազանների կողմից՝ այնպիսի տպավորությամբ, թե դա կատարվում է իրենց կամքին հակառակ։
Այս փաստաթուղթը անմիջապես դարձավ լայն քննարկումների առարկա։ Եվ ոչ պատահական։ Դրա բովանդակությունը, մեղմ ասած, խեղաթյուրում է Հայ Եկեղեցու պատմադավանաբանական հիմնարար կանոնները։ Սակայն ոչ պակաս ուշագրավ էր նաև ստորագրությունների բաժինը։
Փաստաթղթի տակ առաջինը նշված է Նիկոլ Փաշինյանի անուն ազգանունը՝ իր պաշտոնի հիշատակմամբ, և միայն դրանից հետո՝ ստորագրող սրբազանների անունները։ Սա արդեն իսկ հուշում է, որ Փաշինյանն այստեղ հանդես է գալիս ոչ թե որպես Հայ Եկեղեցու հավատացյալ զավակ, այլ որպես ՀՀ վարչապետ՝ ակնհայտորեն չարաշահելով իր պաշտոնեական դիրքը և միջամտելով եկեղեցու ներքին կյանքին։
Բայց կա ևս մի առավել խոսուն հանգամանք։
Եթե Փաշինյանի անունը նշված է ամբողջական՝ իր պաշտոնով հանդերձ, ապա արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների դեպքում նշված չեն նրանց թեմական պաշտոնները, այլ միայն եկեղեցական անուններն ու կոչումները։ Առաջին հայացքից սա կարելի էր համարել տեխնիկական վրիպակ։ Բայց ինչպես ասում են սատանա մարուքների մեջ է։
Ցանկում նշված է նաև Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի անունը։
Եվ այստեղ հարց է ծագում. արդյոք սա պատահականությո՞ւն է, թե՞ դիտավորություն։
Չէ՞ որ «Արցախ» և «Փաշինյան» բառերը վաղուց հակադիր իմաստներ են ստացել։ Միևնույն փաստաթղթում նման համադրությունը Փաշինյանի համար կարող էր ունենալ լուրջ քաղաքական և միջազգային արձագանքներ։ Բավական էր, օրինակ, Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն հանդես գար կոշտ հայտարարությամբ, և Փաշինյանի ամբողջ «բարենորոգման» ներկայացումը կարող էր փլուզվել։
Արդյո՞ք Փաշինյանն ունի համարձակություն՝ հրապարակավ ընդունելու Արցախի թեմի գոյությունն ու օրինականությունը, երբ իր վարած քաղաքականության առանցքային նպատակներից մեկը հենց Արցախի հարցի «մեկընդմիշտ փակելն» է։
Այս պատմությունը մեկ այլ ցավալի կողմ էլ ունի։
Հիշյալ թեմերի առաջնորդներն իրենք պետք է առաջինն ընդվզեին նման փաստաթղթի դեմ։ Առաջնորդների պաշտոնների չհրապարակումը փաստում է, որ Նիկլո Փաշինյանը չի ճանաչում նրանց թեմակալ առաջնորդներ լինելու հանգամանքը։
Ասել է թե՝ Փաշինյանի համար նրանք ոչ թե հոգևոր առաջնորդներ են, այլ՝ պարզ «վարչության պետեր»։ Գաղտնիք չէ, որ Փաշինյանի նպատակը հենց Եկեղեցու նվիրապետական կարգը ոչնչացնելն է, ինչը արտացոլված է հենց այդ փաստաթղթում։
Ստացվում է, որ այս «ղազագրի» տակ դրված ստորագրությունները ոչ այլ ինչ էին, քան հլու-հնազանդ կատարում այն ամենի, ինչ առաջադրվել էր այդ «բարձրաստիճան» հոգևորականներին։ Եվ եթե այսօր ստորագրում են սա, ապա վաղը Փաշինյանը կարող է ցանկացած թուղթ դնել նրանց առաջ՝ վստահ լինելով, որ առարկող չի լինելու։
Ամենից մտահոգիչն այն է, որ այս գործընթացում գրեթե ոչ ոք չի բարձրաձայնում ամենակարևոր ճշմարտությունը․ Հայ Եկեղեցին իր ձայնը բարձրացրել է ոչ թե քաղաքական մղումներից ելնելով, այլ հայրենիքի կորստի, էթնիկ զտումների և ազգային գոյության սպառնալիքի պայմաններում։
Այն, ինչ պետք է աներ յուրաքանչյուր ազգային ինստիտուտ, որը պատասխանատվություն է կրում այս ժողովրդի ինքնության և ապագայի համար։