Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը Նախիջևանում ձերբակալել է զինված տղամարդու, որին օտար երկրի օգտին լրտեսության մեջ են կասկածում

Ադրբեջանում բացահայտվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների  հետ գաղտնի համագործակցության մեջ ներգրավված անձ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայությունը։

Հաղորդվում է, որ Ադրբեջանի «ազգային անվտանգության դեմ ուղղված օտարերկրյա հատուկ ծառայությունների հետախուզական և դիվերսիոն գործունեությունը բացահայտելու և կանխելու նպատակով» Պետական ​​անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում, 1969 թվականին ծնված Ադրբեջանի քաղաքացի Ֆարզալիև Սիյաֆաթի նկատմամբ առաջացել են պետական ​​դավաճանության հիմնավոր կասկածներ։

Հետաքննությունը պարզել է, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության բնակիչ Սիյաֆաթ Ֆարզալիևը, գտնվելով այլ երկրի տարածքում, նյութական շահույթ ստանալու նպատակով գաղտնի համագործակցել է այդ երկրի հետախուզական ծառայությունների ներկայացուցիչների հետ, իսկ երկիր վերադառնալուց հետո, նրանց հանձնարարությամբ, տեսանկարահանումներ է կատարել Նախիջևան քաղաքում և Շահբուզի շրջանում գտնվող ռազմական և այլ ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտներում, որոնք այնուհետև  փոխանցել է արտասահմանյան հատուկ  ծառայությունների ներկայացուցիչներին։

Վերոնշյալ անձի բնակության վայրի բնակարանի խուզարկության ժամանակ հայտնաբերվել և առգրավվել են նաև «Կալաշնիկով» տեսակի  զենքի առանձին մասեր։

Հաղորդվում է, որ Սիյաֆաթ Ֆարզալիևին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի  քրեական օրենսգրքի 228.1 (հրազենի, դրա բաղադրիչների, զինամթերքի, պայթուցիկ նյութերի և սարքերի անօրինական ձեռքբերում, փոխանցում, վաճառք, պահպանում, փոխադրում կամ կրում) և 274 (պետական ​​դավաճանություն) հոդվածներով, և դատարանի որոշմամբ նա կալանավորվել է։

Նշվում է, որ քրեական գործով շարունակվում են քննչական և օպերատիվ միջոցառումները։

Չի հաղորդվում, թե որ պետության օգտին է լրտեսել ձերբակալված անձը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment