Կիևում ռուսական հարձակումից հետո տների գրեթե կեսը զրկվել է ջեռուցումից

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի բազմաբնակարան շենքերի կեսը՝ գրեթե 6,000-ը, առանց ջեռուցման է մնացել քաղաքի կարևորագույն ենթակառուցվածքների ուղղությամբ զանգվածային հարվածի հետևանքով։ Քաղաքում նաև ջրամատակարարման խափանումներ կան։ Այս մասին հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նա նշել է, որ քաղաքային ծառայությունները գործում են արտակարգ ռեժիմով, կոմունալ ծառայությունների աշխատակիցները վերականգնել են մոբիլ կաթսայատներից ջեռուցումը սոցիալական հաստատություններում, մասնավորապես, հիվանդանոցներում և ծննդատներում։

«Ցավոք, առաջիկա օրերին կանխատեսվում է, որ եղանակային պայմանները բարդ կլինեն։ Ես կոչ եմ անում մայրաքաղաքի բնակիչներին, ովքեր հնարավորություն ունեն՝ ժամանակավորապես մեկնել քաղաքից, որտեղ կա այլընտրանքային էներգիա և ջերմության աղբյուրներ»,- նշել է Կլիչկոն։

Ուկրաինայի Էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ Կիևի ձախ ափին և տարածաշրջանի որոշ հատվածներում արտակարգ անջատումներ են իրականացվել, իսկ աջ ափին ժամային անջատումների գրաֆիկներ են գործում։ Ավելի ուշ ДТЭК էներգետիկ ընկերությունը պարզաբանել է, որ հարձակման հետևանքների և ցանցի գերբեռնվածության պատճառով ամբողջ քաղաքում արտակարգ անջատումներ են իրականացվել։

Դեսնյանսկի, Դնեպրովսկի, Դարնիցկի և Գոլոսիևսկի շրջանների 417,000 ընտանիքներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի։

Leave a Comment