ՀԷՑ-ի նախկին ղեկավարները հերքել են Փաշինյանի մեղադրանքները՝ ներկայացնելով իրենց փաստարկները

ՀԷՑ-ի նախկին ղեկավարները հերքել են Փաշինյանի մեղադրանքները՝ ներկայացնելով իրենց փաստարկները

9 հունվարի 2026 – 13:45 AMT

PanARMENIAN.NetՀԷՑ-ի նախկին ղեկավարները հերքել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքները՝ «Հանրային հսկող» ֆեյսբուքյան էջում ներկայացնելով իրենց փաստարկները:

Նշվում է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի վարկային միջոցները ներառված չեն հոսանքի սակագնի մեջ։

«Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների.

  1. Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե իբր Հայաստանում չկա ընտանիք, որից ՀԷՑ ՓԲ ընկերությունը չի գողացել, հստակ նշում ենք, որ այդ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս հարցով ընկերության աշխատակազմը մշտապես հանդես է եկել սկզբունքային դիրքորոշմամբ և պայքարել է ցանկացած նման երևույթի դեմ։ Հարկ ենք համարում նաև նշել, որ երբ ընկերությունը դարձավ Տաշիր ընկերության սեփականություն, վիճակը մի քանի անգամ ավելի վատ էր, կան բազմաթիվ փաստեր: ՀԾԿՀ վերջին նիստի ընթացքում ներկայացված տվյալները միանշանակ ցույց են տալիս այդ պնդման անհիմն լինելը։ Երկրի ղեկավարին զեկուցողին հորդորում ենք ճշգրիտ տվյալներ տրամադրել:
  2. Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ վարկային միջոցները սակագնի մեջ ներառված չեն, և դրանց սպասարկման տոկոսադրույքները ամբողջությամբ հոգացել է սեփականատերը այլ ոչ թե ՀՀ ժողովուրդը։ Այս հանգամանքը հեշտությամբ կարող է հաստատվել՝ համապատասխան հարցում կատարելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)։

Եթե խոսքը գնում է Հայաստանի Հանրապետության վարկերի մասին` 14 մլրդ դոլար, այո այդ վարկերը սպասարկում է ՀՀ քաղաքացիները:

  1. Աշխատավարձերի մասով տեղեկացնում ենք, որ 2016 թ.-ից մինչև 2025 թ. հունվարի 1-ը սեփականատիրոջ միջոցներից ընկերության աշխատակիցներին տրամադրվել է մոտ 11․2 մլրդ ՀՀ դրամ, ևս մեկ անգամ կրկնում ենք ՀԷՑ ՓԲ ընկերության սեփականատիրոջ միջոցներից ոչ թե ժողովրդի հաշվին և այդ փաստը հաստատում է պետական ՀԾԿՀ – ն։ Նման պայմաններում հարց է առաջանում՝ արդյո՞ք տվյալները սխալ են ներկայացվել, թե նպատակ է հետապնդվում հանրության մոտ ձևավորել սեփականատիրոջ մասին սխալ և բացասական պատկերացում։
  2. Թե որտեղից տեղեկություն, որ եթե ժամանակավոր կառավարիչ չլիներ վթարների քանակը 3 անգամ շատ կլիներ, չենք կարող պատասխանել, բայց փաստը մնում է փաստ 2024 թ դեկտեմբերի 31 – ին 15 վթար և 6750 հոսանքազրկված բաժանորդ ամբողջ ՀՀ տարածքում, որից ժամը 00:00 դրությամբ ընդամենը 261 հոսանքազրկված բաժանորդ և 2025 թ դեկտեմբերի 31 – ին 125 վթար և 117,021 հոսանքազրկված բաժանորդ, որից 00:00 դրությամբ հոսանքազարկված 13,399 բաժանորդ, թե ուր է կորել այս քաոսը ստեղծած հանձնաժողովը, պարզ չէ:

Միգուցե պետք է մի պահ կանգ առնել և տեսնել, որ մեղավորները ոչ թե նախկիններն են կամ ապագաները, այլ մեղավոր են հենց հիմա որոշում կայացնողները թե´ ՀԷՑ -ում և թե´ Հայաստանի Հանրապետության պետական կառույցներում»,-ասվում է գրառման մեջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից առաջ անդրադարձել էր Ամանորի գիշերը Հայաստանի մի շարք բնակավայրերում գրանցված հոսանքազրկումներին՝ մեղադրելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նախկին ղեկավարությանը՝ տարիների ընթացքում կուտակված համակարգային անփութության համար։

Փաշինյանը նշել է, որ եթե ՀԷՑ-ի շուրջ վերջին 6 ամիսներին տեղի ունեցած գործընթացները տեղի չունենային, ապա հոսանքազրկված համայնքների թիվը «կլիներ երեք անգամ ավելի» և հայտարարել, որ «ՀՀ–ում չկա գոնե մեկ ընտանիք, որից ՀԷՑ–ը նախորդող շրջանում փող չի գողացել պետական հիմնարկներ, զորամասեր»:

Leave a Comment