Ադրբեջանը կդիտվի որպես տարածաշրջանում Իրանի «թշնամիների դաշնակից» ·

Բաքվում Իրանի շուրջ իրավիճակի հետ կապված «մշակումներ են անում»:

Իշխանական լրատվամիջոցի համար մեկնաբանելով հնարավոր զարգացումները, քաղաքագետ Ռեշադ Ռզակուլիևը համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանը «բանակը և ժողովրդին պետք է նախապատրաստի մերձավորարևելյան սուր ճգնաժամի, որ մոտ է, ինչպես երբեք»:

Ադրբեջանցի վերլուծաբանը մատնանշում է երեք հնարավոր սցենար՝ իրանա-իսրայելական նոր պատերազմ, Իրանի կրոնապետության կողմից Ադրբեջանի ինքնիշխանության հետ «հաշվեհարդար» և թուրք-իսրայելական ռազմական բախում:

Առաջին դեպքում նա սպառնալիք է համարում Իրանի ամբողջականության մասնատումը, ինչին կհետևի հարյուր հազարավոր, միլիոնավոր էթնիկ ադրբեջանցիների ներհոսք Ադրբեջան: Նա լուրջ չի համարում Իրանի հետ ցամաքային սահմանի փակումը և համոզված է, որ փախստականների ներգաղթը հնարավոր չի լինի կանխել կամ արգելել, քանի որ «խոսքը եղբայրների և քույրերի մասին է»:

Երկրորդ սցենարը Ռզակուլիևը չի բացառում այն դեպքում, երբ Իրանի «կրոնապետությունը կանգնած կլինի կործանման սպառնալիքի առաջ», և Թեհրանին «կման միայն հենվել իր ռազմական ներուժի վրա»:

Կարելի է հասկանալ, որ Բաքվում զգուշանում են հավանական «պատժիչ գործողություններից», երբ Ադրբեջանը կդիտվի որպես տարածաշրջանում Իրանի «թշնամիների դաշնակից»: Պետք է նկատի ունենալ, որ ԱՄՆ «ռազմա-խորհրդարանական պատվիրակությունը» մի քանի օր առաջ գտնվել է Բաքվում, իսկ Իլհամ Ալիևը հպարտացել է, որ Ադրբեջանի ռազմաարդյունաբերական արտադրանքը մատակարարվում է աշխարհի մոտ երկու տասնյակ երկրի:

Չափազանց ուշագրավ է, որ Բաքվի ռազմավարական հաշվարկներում տեղ ունի նաև Իսրայել-Թուրքիա ռազմական բախման հավանականությունը: Մի քանի օր առաջ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ արաբական երկրներն իրենք պիտի լուծեն իրենց խնդիրները և անուղղակիորեն նկատել տվել, որ Ադրբեջանը Պաղեստինի անկախությունը ճանաչում է, բայց անկախ Պաղեստին կառուցելու ջանք չի գործադրի: Թուրքիան, ընդհակառակը, հանդես է գալիս որպես Պաղեստինի անկախ պետության «ճարտարապետ» և հովանավոր:

Խիստ ուշագրավ է, որ, չնայած առերեւույթ կոշտ հռետորաբանությանը, Բաքվի քարոզչությունը Ռուսաստանից սպասվող որևէ վտանգի մասին չի խոսում: Ռզակուլիևը դիտարկել է, որ «Անքորիջի պայմանավորվածությունների մասին քիչ բան է հայտնի»:

Նա նկատի ունի Թրամփ-Պուտին գագաթնաժողովի պայմանավորվածությունները, որոնց մասին պարբերաբար հիշեցնում է Մոսկվան, բայց այդպես էլ չի մանրամասնում, թե խոսքն ինչի մասին է:

Ադրբեջանի «ռազմավարական մշակումներն», իհարկե, կմնան գաղտնիք: Տեղեկատվական արտահոսքն էլ, ըստ երևույթին, նրա համար է, որպեսզի հարևան երկրները «կարևորեն» Բաքվի հետագա քայլերը: Այդուհանդերձ, առկա իրավիճակում դրանք արժանի են լուրջ ուշադրության:

Հայ-ադրբեջանական խաղաղության և հարաբերությունների հաստատման մասին պայմանագիրն ստորագրված չէ, սահմանազատում իրականացված չէ, հաղորդուղիների հետ կապված հարցերը լիովին համաձայնեցված չէ:

Մերձավոր Արևելքում և Իրանում ցանկացած ֆորս մաժոր այս առումով Հայաստանի համար լրջագույն մարտահրավեր է:

Leave a Comment