Փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը զգուշացրել է ArCa (Արմենիան Քարդ) վճարային համակարգի միջոցով անկանխիկ եղանակով վճարում կատարելու դեպքում հետվճար ստանալու գործընթացի հետ կապված ռիսկերի մասին։
Կառավարության որոշմամբ՝ հունվարի 1-ից ArCa համակարգով անկանխիկ կատարված գործարքներից նախատեսվում է 2%-ի չափով հետվճար տրամադրել։
Փաստաբանը շեշտել է, որ գերակշիռ մեծամասնության համար հետվճարը կազմելու է 2000-3000 դրամ, սակայն դրա դիմաց ստանալու են լրջագույն ռիսկեր և խախտվում է բանկային գաղտնիքը։
Ըստ որոշման՝ ArCa-ն յուրաքանչուր ամիս Ֆինանսների նախարարությանն է ուղարկելու հաշվետվություն, որը ներառում է յուրաքանչյուր շահառուի կողմից իրականացված գործարքի վերաբերյալ տեղեկատվություն՝ շահառուի անձնական տվյալների իբր պահպանմամբ։
«Որոշումը չի հիմնավորում, թե ինչու է նախարարությունը ստանում քաղաքացիների քարտային գործարքների մասին տվյալներ։ Եթե սա արվեր քեշբեքի՝ պետության մասնաբաժինը հաշվարկելու համար, կհասկացվեր, սակայն նույն որոշման մեջ նշված է, որ քեշբեքի հաշվարկը կատարում է ArCa-ն, իսկ կառավարությունը չբացահայտված նպատակով ստիպում է ԱՐՔԱ-ին ամեն ամիս քաղաքացիների քարտային գործարքների տվյալները փոխանցել ՀՀ ֆինանսների նախարարությանը»,- նշել է նա։
Հայրապետյանը նաև ընդգծել է, որ ավելի է մեծանում բանկային զեղծարարությունների զոհ դառնալու հավանականությունը։ Նրա խոսքով՝ որոշմամբ հաշվի չի առնում քաղաքացու կարծիքը՝ ինքն ուզում է օգտվել 2000-3000 դրամ հետվճարից, թե ոչ, իսկ նրա տվյալները կարող են հայտնել նախարարության ոչ պրոֆեսիոնալ աշխատակիցների տրամադրության տակ։
