Վիտամինների պակաս և ձմեռային դեպրեսիա. սննդաբանը նշել է այն վիտամինները, որոնք անհրաժեշտ են օրգանիզմին ձմռան ամիսներին
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Ձմռան ամիսներին շատերը վիտամինների պակասի պատճառով բախվում են էներգիայի անկման, մշտական հոգնածության և տրամադրության տատանումների խնդիրներին։
Իրավիճակն առավել սրվում է Ամանորյա տոներից հետո, երբ օրգանիզմը հայտնվում է սթրեսային վիճակում՝ պայմանավորված ծանր սննդով, քնի պակասով և ալկոհոլի օգտագործմամբ։ Այս հարցերի շուրջ «Նովոստի-Արմենիա»-ն զրուցել է «ՀՀ սննդաբանների ասոցիացիա» ՀԿ փոխնախագահ, իրավաբան–սննդաբան Մետաքսյա Գալստյանի հետ։
Ըստ սննդաբանի՝ ձմռանը վիտամինների պակասը հաճախ առաջանում է ոչ թե «մարդու մեղքով», այլ սեզոնային բնական գործընթացով պայմանավորված:
Սննդակարգի ոչ այդքան բազմազան լինելը, սեզոնային բանջարեղենների ու վիտամիններով հարուստ մրգերի բացակայությունը և արևի պակասով պայմանավորված՝ վիդամին D-ի ոչ այդքան լավ սինթեզումը հանգեցնում է օրգանիզմում որոշ վիտամինների պակասի:
«Ձմռանը առավել հաճախ է արտահայտվում այն վիտամինների պակասը, որոնք կապված են արևի, թարմ ու վիտամիններով հարուստ սննդի, նյարդային համակարգի աշխատանքի հետ: Վիտամին D- ն ամենատարածվածն է այս ցանկում, իսկ պատճառը ամենապարզը` արևի ոչ բավարար լինելն է, քանի որ վիտամին D-ն օրգանիզմը չի ստանում սննդից, այն սինթեզվում է մաշկով` արևի ճառագայթներից», – նշում է մասնագետը։
Նրա խոսքով, հաջորդը վիտամինային անբավարարությունը վերաբերում է B խմբի վիտամիններին`(B6, B9, B12), դրանք անմիջականորեն մասնակցում են
նյարդային համակարգի աշխատանքին և էներգիայի արտադրությանը։ Ձմռանը այս խմբի վիտամինների պակասը հաճախ կապված է սննդակարգի ոչ բազմազան լինելու, ինչպես նաև սթրեսի հետ:
«Հաճախ դիտվում են նաև C, A, E վիտամինների պակաս, որոնք շատ կարևոր են իմուն համակարգի աշխատանքի, օրգանիզմի դիմադրողականության բարձրացման և վիրուսային հիվանդություններին դիմակայելու համար», – ընդգծում է սննդաբանը։
Նրա խոսով, ձմռանը վիտամինների պակասը հաճախ քողարկվում է որպես սովորական սեզոնային դեպրեսիա: Այնուհանդերձ հաճախ արտահայտվում նաև հոգնածությամբ, իմունային համակարգի թուլացմամբ, վիրուսային հիվանդությունների նկատմամբ անկայունությամբ, երբեմն տրամադրության տատանումներով։
«Բոլոր դեպքերում օրգանիզմը միշտ է խոսում մեզ հետ, պարզապես պետք է սովորել լսել և հասկանալ նրան», – նշում է Գալստյանն ու հավելում, որ հենց այդ պատճառով է, որ հատկապես այս շրջանում կարևոր է ուշադրություն դարձնել սննդակարգին, բալանսավորել այն և հնարավորինս սնվել առողջ։
Սննդաբանն ընդգծում է, որ կան մի քանի վիտամիններ և հավելումներ, որոնք կարող են նպաստել տրամադրության և հոգնածության նվազեցմանը ձմռան ամիսներին։
«Լավագույնը այս շարքում վիտամին D-ն է, օմեգա-3-ը և վիտամին C-ն: Սրանք աշխատում են որպես օժանդակ միջոցներ, բայց եթե այս ամենը համադրվի նաև առողջ ապրելակերպի հետ և օգտագործվի ըստ անհրաժեշտության, ապա արդյունքն էլ կլինի գոհացնող», – ասում է Գալստյանը։
Սննդաբանի պնդմամբ՝ շատ դեպքերում հնարավոր է անհրաժեշտ վիտամինները ստանալ միայն սննդի միջոցով, եթե սննդակարգը ճիշտ է կազմված։
«Ձմեռային սննդակարգում խորհուրդ է տրվում ներառել ֆերմենտացված կաղամբ՝ վիտամին C-ի պաշարը լրացնելու համար, յուղոտ ձկնեղեն, կտավատի և քունջուտի սերմեր՝ օմեգայի պաշարը լրացնելու համար, տավարի միս և ձու՝ B խմբի վիտամինների պաշարը լրացնելու համար», – ընդգծում է փորձագետը՝ կարևորելով այն փաստը, որ օրգանիզմի ճիշտ կենսագործունեության համար, անհրաժեշտ է բալանսավորված և առողջ սնունդ տարին 365 օր:
Սննդաբանն անդրադառնում է նաև սնունդի և վիտամինային հավելումների ճիշտ համադրությանը՝ նշելով, որ վիտամինների ընդունումը պետք է լինի ցուցված մասնագետի կողմից, ոչ թե ըստ ցանկության:
«Ճարպալույծ վիտամինների ընդունումը պետք է լինի միայն սննդի հետ: D, A, K վիտամինները պետք է ընդունել յուղոտ սննդի հետ` լավ յուրացման համար: Սա կարևոր մանրուք է, բայց հաճախ անտեսված: Ջրալույծ վիտամիններից C-ն, B-խմբի վիտամինները կարելի ընդունել մինչև կեսօր` սննդից հետո» – խորհուրդ է տալիս Գալստյանը;
Ըստ սննդաբանի՝ երեխաներն ու տարեցները ձմռանը համարվում են ամենախոցելի խմբերը, քանի որ նրանց օրգանիզմը կամ դեռ աճի փուլում է, կամ արդեն ունի նվազ ռեսուրսներ, և այս 2 խմբերի համար էլ կարևոր են հիմնականում D, C և B խմբի վիտամինները, սակայն դրանք պետք է դիտարկել սննդակարգի և անհատական կարիքների համատեքստում:
«Ձմռանը վիտամինների ընդունման անհրաժեշտությունը բոլորի համար պարտադիր չէ։ Այն անհատական է և կախված է մարդու առողջական վիճակից ու ապրելակերպից։ Գլխավոր նախապայմանը առողջ և բազմազան սննդակարգն է», – նշում է Գալստյանը։
Նա ընդգծում է․ եթե օրգանիզմը ստանում է բավարար քանակությամբ սպիտակուցներ, մանրաթելեր ու առողջ ճարպեր, ապա հավելումների կարիք կարող է ընդհանրապես չլինել։
«Իսկ ամանորյա տոներից հետո օրգանիզմի վերականգնման համար խորհուրդ է տրվում օգտագործել վիտամին D, մագնեզիում`հետտոնական նյարդային լարվածությունից ազատվելու համար և պրոբիոտիկներ` աղեստաամոքսային տրակտը հանգստացնելու համար», – նշում է սննդաբանը։
Գալստյանն ընդգծում է, որ վիտամինների ընդունումը պետք է լինի ցուցված համապատասխան մասնագետի կողմից, ոչ թե ըստ ցանկության։ Կարևոր է նաև վիտամինները չխառնել իրար, քանի որ դա կարող է խանգարել դրանց յուրացմանը և ծանրաբեռնել լյարդը: