Ես չեմ կարծում, թե այդտեղ որևէ խնդիր կա. Փաշինյանը` իր և 10 եպիսկոպոսների կողմից ստորագրված հայտարարության մասին

Ես հանդես եմ գալիս որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ, բայց հանդես եմ գալիս որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, ասել է Փաշինյանը


ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է իր և 10 եպիսկոպոսների կողմից ստորագրված հայտարարությանը և հայտնել, որ չի կարծում, թե այդտեղ որևէ խնդիր կա:


«Այո, ես հանդես եմ գալիս որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ, բայց հանդես եմ գալիս որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ», – ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այդ հայտարարության տակ կարող էր գրել Նիկոլ Փաշինյան՝ ՀՀ քաղաքացի։


«Այդ դեպքում դուք ինձ հարց կուղղեիք՝ ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյան, ինչ գործ ունեք վարչապետի կեցավայրում, ինչու չեք գնացել Իջևանի Ձեր բնակարանում կազմակերպել այդ հավաքը»,- ասել է նա


Վարչապետը` որպես պատասխան իր մասին հնչող մեղադրանքներին, մեջբերեց 63-րդ սաղմոսը` նշելով. «Անօրենություն փնտրեցին, հոգնեցին փնտրելուց և քննելուց, թող շարունակեն փնտրել և քննել, և նրանց բացի հոգնությունից ուրիշ ոչ մի բան չի սպասվում»։


Նշենք, որ դեկտեմբերի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը տասը եպիսկոպոսների հետ հայտարարություն է տարածել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման վերաբերյալ։


Տասը եպիսկոպոսների հայտարարությունը


Տասը եպիսկոպոսներ, որոնք հանդիպել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, դեկտեմբերի 18–ի երեկոյան հանդես են եկել հայտարարությամբ՝ արտահայտելով մտահոգություն Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ընթացող գործընթացների վերաբերյալ։ Նրանք քննադատել են Եկեղեցու կառավարման ընթացքը, նշել Եկեղեցու և պետության համար հնարավոր վտանգները և կոչ են արել հոգևորականներին ու հավատավոր ժողովրդին միավորվել՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հավաքվելու և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին հանգստի կոչ անելու պահանջով։ «Դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, եկեք և միացեք մեզ համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին հանգստի կոչելու արդար պահանջով, որն այլևս դարձել է անհետաձգելի անհրաժեշտություն», – նշվել է եպիսկոպոսների հայտարարության մեջ։


Ավելի վաղ Փաշինյանն անդրադարձել է Գարեգին Բ–ի կուսակրոնության հարցին։


«Եթե պարզվի, որ իրոք Գարեգին Բ–ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս, որովհետև խնդրո առարկա փաստի առկայության պահից նա չէր կարող լինել կուսակրոն քահանա։ Սա արձանագրում եմ ամենայն հարգանքով բոլորի անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքի նկատմամբ, բայց Ամենայն Հայոց Կաթողիկոսը չի կարող ունենալ այսպիսի անձնական կյանք։   Խնդիրը բարձրացնում եմ որպես Հայ առաքելական եկեղեցու հետևորդ, որովհետև տեսնում եմ հոգևոր անվտանգության խնդիր, ասում եմ նաև որպես ՀՀ վարչապետ, որովհետև տեսնում եմ պետական անվտանգության խնդիր։   Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պիտի դիրքավորվի այս իրավիճակի նկատմամբ, ինչից հետո կիրականացվի հարցի հետագա պարզաբանում»,– գրել է Փաշինյանը։

Leave a Comment