Իրանում անցնցում իշխանափոխություն չի լինի, ինչը ՀՀ-ի շահերից չի բխում

Իրանում շարունակվող ցույցերը պայմանավորված են երկրի ազգային արժույթի՝ ռեալի կտրուկ արժեզրկմամբ։

Oragir.News-ի հետ զրույցում իրանագետ Ժաննա Վարդանյանը նշեց, որ բողոքի ակցիաները շարունակվում են արդեն շուրջ 10–11 օր և այս փուլում համարվում են ամենախոշորները՝ 2022 թվականի եռամսյա ցույցերից հետո։

«Ցույցերի հիմնական շարժառիթը ռեալի կտրուկ արժեզրկումն է։ Դոլարի փոխարժեքը հասել է շուրջ 420 հազար ռեալի, ինչը փաստացի պիկն էր՝ դեկտեմբերի 28-ի դրությամբ։ Թեև արժեզրկման գործընթացը նոր չէ և սկսվել է դեռևս 2018 թվականից, սակայն ընթացիկ տարվա սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին այն կրկին սրվեց»,– նշեց Վարդանյանը։

Նրա խոսքով՝ 2024 թվականի մարտին ռեալի փոխարժեքը հատել էր 1 միլիոն ռեալի սահմանը, ինչից հետո որոշակի կայունացում էր գրանցվել, սակայն վերջին ամիսներին արժույթի անկումը կրկին ակտիվացավ՝ դառնալով բողոքի ալիքի հիմնական խթանը։

Սկզբնական փուլում փողոց էին դուրս եկել շուկաների վաճառականները, խանութների սեփականատերերն ու առևտրականները, սակայն հետագայում ցույցերին միացել են նաև հասարակության այլ շերտեր։ «Իրանում ցույցերը մշտական բնույթ են կրում, սակայն տարբերությունն այս անգամ մասշտաբի և ընդգրկվածության մեջ է։ Ընթացիկ բողոքի ակցիաները ծավալով և մարդաշատությամբ առանձնանում են»,– ասաց իրանագետը։

Վարդանյանի խոսքով՝ ցույցերի ընթացքում արդեն արձանագրվել է նոր պիկ, ընդ որում վերջին երեք օրերն ամենամարդաշատն ու ընդգրկունն են եղել։ «Այժմ դժվար է կանխատեսել, թե արդյոք այս պիկը կպահպանվի, կընդլայնվի, թե կսկսի նվազել։ Հենց այդ դինամիկայից կախված էլ հնարավոր կլինի պատկերացնել զարգացումների սցենարը»,- նշեց նա։

Խոսելով ցույցերի աշխարհագրության մասին՝ Ժաննա Վարդանյանը ընդգծեց, որ հիմնական օջախը Թեհրանն է, որտեղ բողոքի ակցիաները շարունակվում են սկզբից ի վեր։ Բացի այդ, ակտիվ են Իրանի արևմտյան շրջանները՝ հատկապես Իլամ և Լորեստան նահանգները, որտեղ ցույցերը առավել ռադիկալ բնույթ են կրում։ Համեմատաբար պասիվ են հյուսիսարևմտյան և հարավարևելյան նահանգները, թեև այնտեղ ևս արձանագրվել են առանձին ակցիաներ։

«Օրինակ՝ երեկ առաջին անգամ բավականին մարդաշատ բողոքի ակցիա է տեղի ունեցել Գիլյան նահանգի Բաստարա քաղաքում։ Ընդհանուր միտումները հասկանալու համար անհրաժեշտ է հետևել առաջիկա օրերի զարգացումներին»,– հավելեց նա։

Ինչ վերաբերում է իշխանափոխության հնարավորությանը, իրանագետը նշեց, որ Իրանում նման գործընթացը չի կարող լինել անցնցում և խաղաղ։ «Եթե Իրանը հայտնվի երկարատև անկայունության փուլում, դա միանշանակ մեր շահերից չի բխում։ Մենք չենք կարող կանխատեսել, թե տարբեր արտաքին և ներքին դերակատարներ ինչպես կօգտվեն այդ իրավիճակից»,– ասաց Վարդանյանը։

Նրա խոսքով՝ որոշ շրջանակներում հնչող այն տեսակետները, թե Իրանում համակարգային փոփոխությունները կարող են ձեռնտու լինել Հայաստանին, հիմնականում կապվում են Արևմուտքի հետ հարաբերությունների հնարավոր բարելավման հետ։ Սակայն, ինչպես ընդգծեց Վարդանյանը, Հայաստանի համար առաջնայինը Իրանի կայունությունն է։

«Մեզ համար կարևոր է, որ Իրանը լինի կայուն պետություն՝ անկախ նրանից, դա կլինի իսլամական հանրապետություն, թե այլ համակարգ։ Իրանի պառակտումը կամ խորացող անկայունությունը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել նաև տարածաշրջանի համար»,- եզրափակեց իրանագետ Ժաննա Վարդանյանը։

Leave a Comment