ԱՄՆ-ն և Վենեսուելան համաձայնության են եկել մինչև 2 միլիարդ դոլար արժողությամբ 30-50 միլիոն բարել վենեսուելական նավթ ամերիկյան շուկա մատակարարելու հարցի շուրջ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ այս նավթը կվաճառվի իր շուկայական գնով, և այդ գումարը կվերահսկվի իր կողմից, որպեսզի ապահովվի դրա օգտագործումը Վենեսուելայի և Միացյալ Նահանգների ժողովրդի օգտին։
«Ես խնդրել եմ Էներգետիկայի քարտուղար Քրիս Ռայթին անհապաղ իրականացնել այս ծրագիրը։ Այն կմատակարարվի պահեստային նավերով և ուղղակիորեն կհասցվի Միացյալ Նահանգների բեռնաթափման նավահանգիստներ»,- գրել է Թրամփը։
Reuters-ի տվյալներով՝ նավթի որոշ ծավալներ կարող են վերահասցեագրվել Չինաստանից, որը նախկինում մնում էր Վենեսուելայի արտահանման հիմնական աղբյուրը։ Chevron-ը մնում է Վենեսուելայի նավթի՝ ԱՄՆ առաքումների հիմնական օպերատորը՝ օրական արտահանելով 100 000-150 000 բարել։ Սակայն պատժամիջոցների պատճառով PDVSA-ն դեռևս չունի ֆինանսական եկամուտների անմիջական հասանելիություն։
Թրամփի հայտարարություններից հետո ԱՄՆ նավթի գները նվազել են ավելի քան 1,5%-ով՝ Մեքսիկական ծոցում ծանր տեսակի նավթի մատակարարման աճի սպասումների պատճառով։
ԱՄՆ-ն հունվարի 3-ին հարվածներ էր հասցրել Վենեսուելային, այդ թվում՝ մայրաքաղաք Կարակասին: Գործողության ընթացքում ԱՄՆ հատուկջոկատայինները ձերբակալել էին Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլյա Ֆլորեսին, նրանց դուրս էին բերել երկրից ու ԱՄՆ-ում մեղադրանք առաջադրել: Մադուրոյին մեղադրում են մի քանի ծանր հանցագործության մեջ, որոնք պաշտոնական ձևակերպմամբ՝ կապվում են թմրանյութերի ապօրինի շրջանառության և զինված խմբավորումների հետ։ Հունվարի 5-ին Ռոդրիգեսը երդվել էր որպես երկրի նախագահի պաշտոնակատար։
