Հայրենադավը գցել է տիրադավներին․ բացահայտ զինված հանցագործություններ եղան ինչպես Երևանում, այնպես էլ Թալինում․ Միքայել Սրբազան



Քաղաքական












Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ուղերձը. 

«Նախ և առաջ՝ 

Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ 
Ձեզ և մեզ մեծ աւետիս  

Ցանկանալով կցանկանայինք Սուրբ ծնունդն անցկացնել աղոթքի և գոհաբանության մեջ, սակայն հայրենադավների և տիրադավների միությունը իր զինված բանդայի անդամներով վերստին ալեկոծեց մեր սուրբ եկեղեցու անդորրը՝ «բարեվարքության» արհեստական և մտացածին օրակարգով: 

  Այո, ինչպես 2000 տարի առաջ, այնպես էլ այսօր դարձյալ մոլեգնել են Հերովդեսն ու Հերովդիադան, զոհ են փնտրում, անմեղի արյուն՝ ի գոհացում իրենց հիվանդագին մտագարության: 

Բարեվարքության մասին խոսողները՝ ապաշխարության և պահեցողության մեջ լինելու փոխարեն, տգիտության և անտեղյակության գլուխգործոց են ստորագրում՝ դրանով իրենց ողորմելիության դատավճիռն ստորագրած լինելով: 

  Հիրավի, հայրենադավը գցել է տիրադավներին, ողորմելին՝ խղճալիներին, անամոթը՝ անպատկառներին, անբարոյականը՝ բարոյազուրկներին, ճղճիմը՝ չնչիններին: 

  Եվ դեռ դրան հաջորդում են բացահայտ զինված հանցագործությունները ինչպես Երևանում, այնպես էլ Թալինում: Տգետները գոնե պատմություն իմանային, որ նման դեպքեր եկեղեցին բազմիցս է հաղթահարել:

 Հուսով ենք, որ մեր ժողովրդի զավակների ստվար հատվածը հասկանում է իրականությունը և ճիշտ ախտորոշում կիրականացնի: Սա էլ կանցնի, իսկ Հայ եկեղեցին կշարունակի իր առաքելությունը՝ օտար մարմինները արտավիժելուց հետո: Այո, եկեղեցին կբարեկարգվի և կմաքրվի, սակայն այնպես, ինչպես Աստված է կամենում, և ոչ թե՝ ինչպես ողորմելի ոչնչությունները: 

Իսկ Քրիստոս ճշմարտապես ծնվեց և հայտնվեց, 
Ձեզ և մեզ մեծ ավետիս: 
Օրհնությամբ՝ Միքայել արք. Աջապահյան
194-րդ օր ապօրինի բանտարկության 
06.01.26»։



Leave a Comment