ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է հայտնել, թե արդյոք անձամբ շփվել է Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսի հետ, սակայն նշել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նրա հետ ազատ խոսում է իսպաներեն, և նրանց հարաբերությունները շատ ամուր են։ NBC News-ին տված հարցազրույցում ամերիկյան առաջնորդը հասկացրել է, որ ԱՄՆ-ը կարող է սկսել երկրորդ ռազմական գործողությունը Վենեսուելայում, եթե Ռոդրիգեսը դադարեցնի համագործակցությունը։ Այնուամենայնիվ, նա այս սցենարը հավանական չի համարում՝ միաժամանակ շեշտելով, որ Վաշինգտոնը պատրաստ է իրադարձությունների նման զարգացմանը։
Թրամփը նաև հերքել է The Washington Post-ի հրապարակումն այն մասին, թե ինքը մերժել է ընդդիմադիր գործիչ Մարիա Կորինա Մաչադոյի թեկնածությունը նրա ստացած Խաղաղության Նոբելյան մրցանակի պատճառով։ Նա հայտարարել է, որ Մաչադոն չպետք է ստանար այդ մրցանակը, բայց դա չի ազդել իր որոշման վրա։
Չնայած որոշ դաշնակիցների քննադատությանը՝ կապված Վենեսուելայում երկարաժամկետ պարտավորությունների հետ, Թրամփը վստահ է իր քաղաքական հենարանի աջակցության հարցում՝ հայտարարելով. «MAGA-ն ես եմ»։
Նախագահը նաև հայտնել է, որ Կոնգրեսից նոր թույլտվություն չի խնդրել գործողության իրականացման համար և դրա կարիքը չունի նաև զորքերի հնարավոր կրկնակի տեղակայման դեպքում։ Նրա պնդմամբ՝ օրենսդիրները տեղյակ են եղել կատարվողից և ցուցաբերում են լավ աջակցություն, թեև նա հրաժարվել է մանրամասնել այդ տեղեկացվածության մակարդակը։
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին ԱՄՆ-ը հարձակվել է Վենեսուելայի տարածքի վրա։ Վաշինգտոնը հարվածների ընթացքում գերեվարել և երկրից դուրս է բերել նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը։ Հունվարի 5-ին նրանք կանգնել են Նյու Յորքի դաշնային դատարանի առաջ։ Նրանց առաջադրվել են բազմաթիվ մեղադրանքներ, այդ թվում՝ թմրաահաբեկչության (նարկոտեռորիզմի) մեջ։