Հայաստանում ոչ ոք ոչ մեկին չի կարող ոչինչ պարտադրել։ Այս մասին Երևանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք պարտադրել են բենզալցակայաններին վաճառել ադրբեջանական բենզինը:
«Հայաստանը վերջին 30 տարում միշտ նավթամթերքներ է ներկրել տարբեր երկրներից։ Հայաստանի համար տասնամյակներ շարունակ տրանսպորտային ուղիները փակ են եղել, և Հայաստանը մեծ գումարներ է վճարել տրանսպորտային ծախսերի համար։ Թեթև հաշվարկով, եթե Հայաստանը իր հարևաններից ձեռք բերի իր օգտագործած վառելիքի 80 տոկոսը, կտնտեսի 80-100 մլն դոլար տարեկան կտրվածքով։ Իսկ եթե ՀՀ-ն իր հարևաններից ձեռք չի բերում, հարևանները 10 հազար անգամ ավել վաճառում են աշխարհի տարբեր երկրների և միշտ այդ գումարը ստանում են։ Իսկ Հայաստանը կարող է տնտեսել 80-100 մլն դոլար, և այդ գումարը ներդնել այլ ոլորտների զարգացմանը։
Իսկ այդ երեխայական, չկրթված, չգիտեմ որտեղից ի հայտ եկած, որ ասում են՝ 100 հազար դոլար գնաց զենքի, նախ զենքը ուրիշ ձև են արտադրում, էկոնոմիկան ուրիշ տրամաբանություն ունի։ Եթե ուզում ես տնտեսություն զարգացնես, պետք է դրա համար խելք ունենաս։ Պատահական խելք ունեցողներին լավ ճանաչում եմ, ֆունդամենտալ, խորքային, խելք ունեցողներին էլ եմ ճանաչում»,- ասել է պատգամավորը։