Թեև նա պաշտոնապես զբաղեցնում է այդ աթոռը, սակայն այսօր իմ ժողովուրդը փաստացի զրկված է հոգևոր առաջնորդից․ ինձ համար նա Կաթողիկոս չէ։ Այս մասին Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցու մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Տեր Տարոն քահանա Հունանյանը՝ անդրադառնալով Գարեգին Բ-ին։
Լրագրողի հարցին՝ թե ինչպես է Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ձեռք բերել «բենթլի» ավտոմեքենան, Տեր Տարոնը նշել է, որ ժամանակին լսել է այդ մասին, գիտի, թե ով է այն նվիրել՝ նրա սանիկը, ինչպես նաև տեղյակ է, թե ինչ հանգամանքներում է ավտոմեքենան հետագայում վաճառվել։
Ինչ վերաբերում է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Գերաշնորհ Նավասարդ Տեր արքեպիսկոպոս Կճոյանի՝ սիրուհի ունենալու և երեխայի մասին խոսակցություններին, Տեր Տարոնը նշել է, որ նման լուրեր չի լսել։
Նա հիշեցրել է, որ 444 թվականին Շահապիվանի ժողովի ընթացքում սահմանվել է, որ Կաթողիկոսը պետք է լինի կուսակրոն։ Տեր Տարոնի խոսքով՝ իր անձնական համոզմամբ այս հարցը կարող է վերանայման կարիք ունենալ՝ նոր ժողով գումարելով և քննարկում կազմակերպելով, սակայն եթե գործող կանոնադրությամբ Կաթողիկոսը պարտադիր պետք է լինի կուսակրոն, ապա այդ պահանջը պետք է պահպանվի։
Անդրադառնալով 10 եպիսկոպոսների վերաբերյալ շրջանառվող խոսակցություններին՝ կարգալույծ քահանա Տեր Տարոնը նշել է, որ առանձին անձանց հարցով չի զբաղվել և խորությամբ չի ուսումնասիրել այդ թեման՝ ընդգծելով, որ ժամանակն ինքն է ցույց տվել, թե ով ով է։
«Շատ մարդկանց մասին կարելի է տարբեր բաներ լսել, սակայն ես մարդկանց դատելու սովորություն չունեմ։ Նույնիսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտոնը զբաղեցնող անձի մասին երբեք անձնական դժգոհություն չէի արտահայտի, եթե նա չլիներ իմ ժողովրդի հոգևոր առաջնորդը»,– նշել է նա։