Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն իր ավագ որդուն՝ 20-ամյա Ախմատ Կադիրովին, նշանակել է հանրապետության կառավարության նախագահի տեղակալի պաշտոնակատար։ Այս մասին Կադիրով-ավագը հայտնել է իր տելեգրամյան ալիքում։
Ստանձնելով Չեչնիայի փոխվարչապետի պաշտոնը՝ Ախմատ Կադիրովը կպահպանի նաև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի տարածաշրջանային նախարարի պաշտոնը, որը զբաղեցնում էր 2024 թվականի մայիսից։ Մինչ այդ նա չորս ամիս (2024-ի փետրվարից մինչև մայիս) աշխատել է որպես Չեչնիայի երիտասարդության հարցերի նախարար։
Ռամզան Կադիրովի երկրորդ որդին՝ Զելիմխանը, 2024 թվականին գլխավորել է չեչենական «Ախմատ» մարտական ակումբը և Չեչնիայի Բոքսի ֆեդերացիան։ Երրորդ որդին՝ Ադամը, 2025 թվականին դարձել է հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար։ «Պրոեկտի» հաշվարկներով՝ իշխանության հետ կապված պաշտոններում աշխատել են կամ աշխատում են Ռամզան Կադիրովի առնվազն 96 ազգական, այդ թվում՝ նրա 14 երեխաներից յոթը։
Վերջին տարիներին ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում լուրեր են շրջանառվում Կադիրովի ծանր հիվանդության մասին։ «Նովայա գազետա Եվրոպա»-ն, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ դեռևս 2019 թվականին Չեչնիայի ղեկավարի մոտ ախտորոշվել է ենթաստամոքսային գեղձի նեկրոզ։ Ինքը՝ Կադիրովը, հերքում է առողջական խնդիրներ ունենալու փաստը։