Թրամփի՝ «ուժի միջոցով խաղաղությունը» վերադարձ է ջունգլիների օրենքին․ Աբբաս Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նիստից հետո պատասխանել է լրագրողների հարցերին․ գրում է Irna-ն։

Նշվում է, որ քննարկման հիմնական թեման ԱՄՆ-ի գործողություններն էին Վենեսուելայում և միջազգային իրավունքի ընդհանուր դեգրադացիան:

Արաղչին կտրուկ քննադատել է ԱՄՆ նախագահի արտաքին քաղաքականության դոկտրինը՝ նշելով, որ Վաշինգտոնը դիվանագիտությունը փոխարինում է բիրտ ուժով։

Նախարարը նշել է, որ երբ Թրամփը խոսում է «ուժի միջոցով խաղաղության» մասին, նա, ըստ էության, հռչակում է ուժի իրավունքը:

«Սա նշանակում է, որ ով ավելի շատ իշխանություն ունի, կարող է անել այն, ինչ ուզում է», – ընդգծել է դիվանագետը:

Արաղչիի խոսքով, նման գործողությունները ոչնչացնում են Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր միջազգային հանրության վերջին 80 տարիների ընթացքում կուտակված նվաճումները՝ օրենքի գերակայության վրա հիմնված հարաբերությունները կարգավորելու գործում:

Արտգործնախարարը նշել է, որ ԱՄՆ ներկայիս կուրսը լուրջ խնդիր  և քննադատության առարկա է դարձել աշխարհի մտածողների և միջազգային հարաբերությունների փորձագետների համար:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա երրորդ օրը՝ հունվարի 3-ին,  ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել էր, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը «գերեվարվել ու արտաքսվել են երկրից»՝ հաստատելով, որ ԱՄՆ ուժերը «լայնածավալ հարված» են հասցրել Կարակասին։

 

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի

Leave a Comment