Համայնքն ավելին է, քան պարզապես մայրաքաղաքից հեռու գտնվող տարածք։ Այն ավանդույթների և մշակութային յուրահատուկ կոդերի մի ամբողջություն է, որն այսօր կանգնած է արագ փոփոխվող ժամանակների մարտահրավերների առաջ։ Թե ինչպես է փոխվում «հին ու բարի» համայնքի դեմքը և արդյոք հնարավոր է գյուղում նոր մշակույթ ձևավորել, իրենց փորձով ներկայացնում են ֆոտոհետազոտող ու խմբագիր Կարին Գրիգորյանը և թարգմանիչ ու զբոսավար Ջորջ Աբրահամյանը։ Նրանք պատմում են, թե ինչու են նախընտրել ապրել գյուղում, ինչ է նրանց տալիս համայնքը և ինչպես են այդ միջավայրերը փոխվում ստեղծարար մոտեցումների ու մարդկանց շնորհիվ։
Ջորջ Աբրահամյանը, խոսելով իր փորձառության մասին, նշում է, որ գյուղը փրկում է մարդուն՝ ընձեռելով լայն հնարավորություններ թե՛ ստեղծագործելու, թե՛ երեխաների դաստիարակության համար։ Ըստ նրա՝ գյուղում ապրելու հեռանկարների մասին հաճախ չի խոսվում. հանրային քննարկումներում սովորաբար գերակշռում է դժվարությունների թեման, մինչդեռ անտեսվում են առավելությունները։ Օրինակ՝ այն, թե որքան շատ կանաչ տարածք ու մաքուր օդ է բաժին հասնում մեկ մարդուն քաղաքաբնակների համեմատ, կամ որքան ազատ տարածություն կա երեխաների խաղի ու ստեղծագործողի ինքնադրսևորման համար։
Ջորջը համոզված է, որ եթե մարդը ցանկանում է կյանքի ավելի բարձր որակ ապահովել, պետք է ընտրի գյուղական կյանքը։ Նա արդեն շուրջ 14 տարի բնակվում է Դվինում և փաստում է, որ այդ ընթացքում իր կյանքի որակն արմատապես փոխվել է։ Կարին Գրիգորյանն արդեն 10 տարի է, ինչ ընտանիքով բնակվում է Քարաշամբ գյուղում։ Նրա ձևակերպմամբ՝ այսօրվա գլխավոր մարտահրավերը գյուղական տարածքի վերարժևորումն է։ Այն, ինչ այսօր պետք է անեն թե՛ համայնքը, թե՛ գյուղացին ու քաղաքաբնակը, գյուղը որպես լիարժեք ապրելավայր վերագնահատելն է։
Գյուղում ապրում են մարդիկ, ովքեր նախընտրում են պարզապես ապրել ու ստեղծագործել։ Կարինը նշում է, որ բավական երկար ժամանակ է պահանջվել այս գաղափարը հասունացնելու և ձևակերպելու համար։ Այսօր պարտադիր չէ լինել Երևանի կենտրոնում՝ արվեստային միջավայրում գտնվելու համար. այդ նույն մթնոլորտը կարելի է ստեղծել հենց գյուղում։ Զրուցակիցների հիմնական ուղերձն է՝ ոչ թե գյուղաբնակները պետք է գան Երևան, այլ երևանցիները պետք է վերադառնան գյուղ ու շունչ տան համայնքներին։