Սաղաթելյանին ու նրա ազգականներին հրավիրել են դատախազություն

Սաղաթելյանին ու նրա ազգականներին հրավիրել են դատախազություն

30 դեկտեմբերի 2025 – 11:06 AMT

PanARMENIAN.Net – ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, նրա կինը՝ Լիանա Խաչատրյանը, հայրը՝ Վաչիկ Սաղաթելյանը, ինչպես նաև «ՆԱՐՎԵՍՏ» գյուղատնտեսական կոոպերատիվի գործադիր մարմնի ղեկավար Նաիրի Վաչիկի Սաղաթելյանը և մի քանի ազգականներ հրավիրվել են Գլխավոր դատախազություն։

Ծանուցումներ են ուղարկվել վերոնշյալ անձանց՝ հրավիրելով նրանց ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Այդ ծանուցումները հրապարակվել են «Ազդարար» կայքում դեկտեմբերի 30-ին, սակայն դրանցում նշված ներկայանալու վերջնաժամկետը եղել է դեկտեմբերի 27-ը, գրում է Auroranews.am-ը։

«Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով, ծանուցում եմ, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ուսումնասիրության արդյունքների նախնական ամփոփագիր: Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50)՝ ծանոթանալու ուսումնասիրության արդյունքներով հավաքված նյութերին և ստացված տվյալների առնչությամբ ներկայացնել դիրքորոշում»,- նշված է ծանուցման մեջ։

Leave a Comment