Վերջին տարիների ներքաղաքական փոփոխություններն ու արտաքին քաղաքական գործընթացները զգալիորեն ազդել են ոչ միայն քաղաքացիների կյանքի, այլև երկրի սահմաններից դուրս Հայաստանի ընկալման վրա: Armenia Today-ն ուսումնասիրել է աշխարհի առաջատար լրատվամիջոցների հրապարակումները՝ հասկանալու համար, թե ինչպիսին է երկրի և նրա ժողովրդի կերպարը 2025 թվականի միջազգային օրակարգում՝ տեխնոլոգիական թռիչքից և մշակութային ինքնությունից մինչև Արցախի ողբերգություններն ու տարածաշրջանում աշխարհաքաղաքական տեղաշարժերը։
1. BBC-ն ներկայացրել է, թե ինչպես է Հայաստանը Կովկասում կառուցում «Սիլիկոնյան հովիտ»
BBC-ն նշում է, որ Հայաստանը կառուցում է տեխնոլոգիական ոլորտի զարգացման յուրահատուկ մոդել՝ շեշտը դնելով կրթության և համաշխարհային հայկական ցանցի վրա։ Պարբերականն առանձնացնում է «Արմաթ» ծրագիրը, որը ներառում է 650 լաբորատորիա, 17,000 աշակերտ և 600-ից ավելի դասընթացավար: BBC-ն նաև ընդգծում է, որ երկրում գործում է շուրջ 4000 ՏՏ ընկերություն: Առավել ուշագրավ են «Պիկսարտ»-ը՝ 1,5 մլրդ դոլար գնահատմամբ, ինչպես նաև «Կրիսպ»-ը և «Սերվիս տիտան»-ը: Ավելին, Հայաստանն աշխարհում 57-րդն է ստարտափների գործարկման դյուրինությամբ՝ բնական ռեսուրսների բացակայությունը լրացնելով մարդկային կապիտալով:
Առանձին հիշատակվում է Սփյուռքի դերը, առաջին հերթին ԱՄՆ-ում, որն ապահովում է ուղիղ մուտք դեպի Սիլիկոնյան հովիտ, ներդրումներին և փորձագիտական ցանցերին: Ստարտափներն ապրանքներ են շրջանառում ներքին շուկայում, այնուհետև դրանք տարածվում են դրսում: BBC-ն ներկայացնում է Dr Yan բուժծառայության օրինակը, որը Երևանից արդեն դուրս է եկել Ուզբեկստանի շուկա։
2. The Guardian-ը բացատրել է, թե ինչու ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության փաստաթղթերով պարտվում են Իրանն ու Ռուսաստանը
Тhe Guardian-ում հրապարակված հոդվածում վերլուծաբան Պատրիկ Ուինտուրն ընդգծել է, որ ԱՄՆ-ի առաջարկած խաղաղ բանաձևը արմատապես փոխում է ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում: Պարբերականի տվյալներով՝ Վաշինգտոնը տարածաշրջանում ազդեցության երկարաժամկետ գործիքներ է ստանում, ինչն ուղղակիորեն շոշափում է Իրանի և Ռուսաստանի շահերը: Խաղաղության գործարքով ԱՄՆ-ը մասնավոր կոնսորցիումի միջոցով ստանում է Հայաստանի հարավում միջանցքի 99-ամյա վերահսկողությունը՝ փաստացի ընդհատելով առանցքային տարանցիկ հանգույցի կառավարումը և դուրս մղելով Իրանին և ՌԴ-ին:
The Guardian-ը նշում է, որ Իրանը զգուշանում է «աշխարհաքաղաքական շրջափակումից» և դեպի Սև ծով ելքի կորստից, իսկ Ռուսաստանը՝ տարածաշրջանային պաշտպանի դերից, այն դեպքում, երբ Հայաստանն արագացված կերպով «թեքվում է» դեպի Արևմուտք: Հրապարակման մեջ նաև ասվում է, որ նոր միջանցքը Հայաստանը ինտեգրում է Ռուսաստանը և Իրանը շրջանցող Միջին միջանցք երթուղու նախագծում, ինչն ուժեղացնում է երկրի արտաքին կապվածությունը, սակայն լրացուցիչ ներքաղաքական լարվածություն է ստեղծում Երևանում:
3. Forbes-ը կոչ է արել «բացահայտել Հայաստանը» նրա նշանավոր կոնյակների միջոցով
Forbes-ն ընդգծում է, որ Հայաստանն ունի կոնյակագործության ամենահին և հեղինակավոր ավանդույթներից մեկը, որը հիմնված է խաղողի տեղական տեսակների, կրկնակի թորման և կովկասյան կաղնու հնեցման վրա: Պարբերականը նշում է, որ երկիրը տարեկան արտադրում է մոտ 20 մլն լիտր կոնյակ՝ 90 տոկոսն ուղարկելով արտահանման, իսկ խոշորագույն խաղացողները (Երևանի կոնյակի գործարարն, «Պռոշյան» և Great Valley) պահպանում են դասական մեթոդները և աշխատում են միայն տեղական սորտերի հետ:
Հրապարակման մեջ ներկայացված են առաջատար միջազգային մրցույթներում ոսկե և կրկնակի ոսկե մեդալների արժանացած 20 լավագույն հայկական կոնյակները ՝ WSC, SFWSC, ISC, NYISC և այլն: Forbes-ն առանձնացնում է «Արարատ Նաիրի 20»-ը, «Դվին 15»-ը, «Նոյ դասական 20»-ը, Great Valley 25-ը և «Պռոշյանի» «Մանե» շարքը: Նշվում է նաև հայկական կոնյակին բնորոշ նկարագիր՝ մուգ շոկոլադ, թուզ, չրեր, մեղր, համեմունքներ և խորը, թավշյա կառուցվածք:
Forbes-ը նկատել է նաև, որ հայկական կոնյակը համատեղում է ակնառու որակն ու մատչելիությունը, հատկապես 15-30 տարեկան ուլտրա-հնեցված կատեգորիաներում, որոնք հաճախ արժեն 50 դոլարից պակաս: Forbes-ը հավելել է, որ այս արտադրանքը հեշտ է գտնել աշխարհի մասնագիտացված խանութներում, իսկ լավագույն ընտրություններից մեկը ներկայացված է Գլենդելում գտնվող Remedy Liquor-ում:
4.The Telegraph–ը պահանջել է ցեղասպանությունն անվանել իր անունով և զգուշացրել հայերի շարունակվող էթնիկ զտումների մասին
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ The Telegraph-ը հոդված է հրապարակել Բաքվում հայ գերիների վիճակի և Արցախում էթնիկ զտումների հետևանքների մասին՝ ընդգծելով հայերի դեմ պատմական հանցագործությունների և այսօր շարունակվող խախտումների միջև ուղիղ կապը: Պարբերականը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի 120 000 բնակիչների տեղահանումից հետո 2023թ. ադրբեջանական բանտերում մնում է 23 հայ բանտարկյալ: Նրանց պահման պայմանները մենախցերում, բուժօգնության հասանելիության բացակայությունը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ շփման արգելափակումը The Telegraph-ն անվանել է «միջազգային վերահսկողության կանխամտածված վերացում»:
The Telegraph-ի կարծիքով՝ միջազգային հանրությունը պարտավոր է գործել, այլապես միջազգային իրավունքի նորմերը կրում են ձևական բնույթ. Լոնդոնը՝ որպես Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիայի մասնակից, պարտավոր է պահանջել գերիների ազատ արձակումը, հասնել դիտորդների մուտքի թույլտվությանը և պայմաններ ապահովել տեղահանվածների վերադարձի համար: Արցախցի գերիների ազատությունը բարի կամքի ժեստ չէ, այլ անհրաժեշտ պայման Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած կայուն խաղաղության համաձայնագրի համար, ասված է հոդվածում:
5. BBC-ն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի դատին և նրա անտեսումը խաղաղության գործընթացից
BBC-ն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև «պատմական խաղաղության համաձայնագրի» տեքստի համաձայնեցման ֆոնին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ու Ղարաբաղի ևս 15 նախկին ղեկավարներ մնում են լիովին անտեսված պայմանավորվածություններից: Բաքվի ռազմական դատարանը նրանց տասնյակ մեղադրանքներ է ներկայացրել՝ ներառյալ ահաբեկչությունն ու «պատերազմ վարելը»: Ընդ որում, BBC-ն նշում է, որ խոսքը տասնամյակներ տևող գործերի մասին է: Վարդանյանի ճակատին կապտուկներով հրապարակված կադրերի ֆոնին «իրավունքների խիստ պահպանման» մասին ադրբեջանական իշխանությունների հայտարարությունները լուրջ կասկածներ են առաջացրել, նշել է պարբերականը:
Նաև հիշեցրել է, որ Վարդանյանը Լաչինի միջանցքի արգելափակումից հետո դարձել է Արցախի փաստացի վարչապետ և միջազգային լրատվամիջոցների ուշադրությունն է ակտիվորեն հրավիրել հումանիտար ճգնաժամի վրա, ինչից, նրա որդու՝ Դավիթի խոսքով, Ադրբեջանի իշխանությունները խիստ դժգոհ են եղել. BBC-ն ընդգծում է, որ ի տարբերություն ծավալվող խաղաղ գործընթացի՝ գերիների ճակատագիրը որևէ կերպ արտացոլված չէ համաձայնագրի նախագծում, և դա ուժեղացնում է քննադատությունն ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ միջազգային դիտորդների շրջանում:
6. The Economist-ը Հայաստանն ընդգրկել է 20 ամենագրավիչ երկրների շարքում բուհ ավարտածների համար
The Economist-ը հայտնել է, որ Հայաստանն առաջին անգամ դասվել է բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց տեղափոխման համար ամենացանկալի երկրների շարքում՝ գլոբալ վարկանիշում զբաղեցնելով 20-րդ տեղը: Պարբերականը վերլուծել է Gallup World Poll-ի հարցման արդյունքները, որտեղ 150+ երկրների ավելի քան 150 հազար հարցվածներ պատասխանել են հարցերին, թե պատրա՞ստ են արտագաղթե, և ո՞ր երկիրը կընտրեն ապրելու և աշխատելու համար: Հայաստանը եզրափակում է առաջին քսանյակը՝ հայտնվելով առաջատար դիրքեր գրաված՝ շրջանավարտների ներգրավման խոշորագույն կենտրոնների՝ Կանադայի, Ավստրալիայի և ԱՄՆ-ի կողքին:
7. The Christian Post-ը կոչ է արել աշխարհի քրիստոնյաներին կանգնել ի պաշտպանություն Հայաստանի
Centennial Institute վերլուծական կենտրոնի ղեկավար Գրեգ Շալլերի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է The Christian Post-ում, ընդգծված է, որ Հայաստանը ոչ միայն աշխարհաքաղաքական ճնշման գոտում հայտնված երկիր է, այլ «քրիստոնեական քաղաքակրթության սահմանագիծ», որը պահանջում է համաշխարհային քրիստոնեական հանրության անմիջական և անհապաղ աջակցությունը: Պարբերականը շեշտել է, որ սպառնալիքների առջև լռությունն ու իներցիան անթույլատրելի են, քանի որ խոսքը առաջին քրիստոնյա պետության և նրա հոգևոր ժառանգության պաշտպանության մասին է:
Շալլերը պնդել է, որ քրիստոնյաները պետք է համերաշխություն ցուցաբերեն և հասնեն քաղաքական լուծումների, որոնք կերաշխավորեն հայկական ինքնիշխանության պահպանումն ու բնակչության անվտանգությունը: Նա ընդգծել է, որ Հայաստանի պաշտպանությունը ոչ միայն տարածաշրջանային կայունության հարց է, այլև բարոյական փորձություն ողջ քրիստոնյա աշխարհի համար: The Christian Post-ը հայտարարել է, որ Հայաստանին չաջակցելը նշանակում է հաշտվել այն բանի հետ, որ առաջին քրիստոնյաների ճակատագիրը կարող է վերաշարադրվել այն ուժերի կողմից, որոնք ձգտում են ջնջել նրանց քարտեզից ու պատմությունից:
Պարբերականը եզրակացրել է, որ Հայաստանի ապագան քրիստոնեական աշխարհի՝ հավատը գործով, այլ ոչ թե խոսքով պաշտպանելու պատրաստակամության ստուգումն է։ Հայաստանին մենակ թողնել սպառնալիքներով նշանակում է թույլ տալ մարել գրեթե երկու հազար տարի վառվող լույսը։
8. Catt-ը Արցախն անվանել է «Կովկասի չապաքինվող վերք» և հիշեցրել նրա ժողովրդի պատմությունը
Catt կաթոլիկ պորտալը հոդված է նվիրել Արցախի ողբերգությանը՝ ընդգծելով, որ այդ «քրիստոնեության հնագույն հողն այսօր դատարկվել է լռության աստիճանի». Բաքուն լիակատար վերահսկողություն է հաստատել տարածաշրջանի նկատմամբ, և մեկ շաբաթից էլ քիչ ժամանակում ողջ հայ բնակչությունը ստիպված է եղել լքել իրենց տները: Պարբերականը գրել է, որ կորստի ցավը զգացվում է ոչ միայն տեղահանվածների վիճակագրությանը նայելով, այլև «լքված խաչքարերի, դատարկ վանքերի, չորացած լամպերի և նրանց լուռ աղոթքների մեջ»: Catt-ի փոխանցմամբ՝ այնպիսի խորհրդանիշներ, ինչպիսիք են «սրբապատկերները, որոնք այլևս չկան», շոշափելի են դարձնում Արցախի ողբերգությունը նույնիսկ հեռավորության վրա:
Պորտալն ընդգծում է, որ նման անհետացման պայմաններում քրիստոնյաներն իրավունք չունեն անգործության մատնվել: Catt-ը կոչ է անում միջազգային քրիստոնեական հանրությանը պահպանել աքսորյալների հիշատակը, աղոթել արդարության համար և աջակցել փախստականների և քաղբանտարկյալների իրավունքների իրական պաշտպանությանն ուղղված նախաձեռնություններին: Լռությունը, ընդգծում է պարբերականը, մեղսակցություն կլինի և մոռացություն, իսկ Արցախն այսօր պահանջում է հենց «հիշողություն»:
Հոդվածում նաև նշվում է, որ ղարաբաղյան քրիստոնյաների ճակատագիրը պետք է մաս կազմի ցանկացած իրական խաղաղության գործընթացի, քանի որ հաշտեցումն անհնար է առանց կորստի ճանաչման, վերադարձի պայմանների ապահովման և հոգևոր ժառանգության պահպանման երաշխիքի: Ըստ Catt-ի՝ եվրոպացի քրիստոնյաները պետք է «Արցախը սրտում պահեն» այնպես, ինչպես հայերը պահում են իրենց մի բուռ հողը:
9. BBC: Փաշինյանի կոնֆլիկտը ՀԱԵ հետ սպառնում է Հայաստանի ազգային միասնությանը
BBC-ն մեկ այլ հոդվածում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի միջև առճակատումն անվանել է «ազգային միասնության սպառնալիք» և արդի Հայաստանի քաղաքական-գաղափարական ամենախորը ճգնաժամերից մեկը: Պարբերականի գնահատմամբ՝ հակամարտությունը դուրս է գալիս անձնական վիրավորանքների շրջանակից և վերածվում ինքնության երկու մոդելների բախման՝ ավանդական՝ եկեղեցու դերի վրա հիմնված, և նոր, որն առաջ է տանում Փաշինյանը՝ «իրական Հայաստան» կարգախոսի ներքո։ BBC-ն նշել է, որ վարչապետը ձգտում է վերանայել հայոց պետականության խորհրդանիշներն ու հիմքերը՝ Արարատ լեռը որպես ազգային խորհրդանիշ մերժելուց մինչև երկրի Սահմանադրության և զինանշանի փոփոխություն: Այս քայլերը, ըստ BBC-ի հարցված փորձագետների, նրան մոտեցնում են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը, սակայն ուժեղացնում են ներքին հակասությունները:
10. The Washington Post-ը միջազգային հանրությանը մեղադրել է Արցախի ողբերգության վերաբերյալ լռություն դրսևորելու մեջ
The Washington Post-ն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը դարեր շարունակ ապրել են իրենց հողի վրա՝ անցնելով ծանր ժամանակաշրջանների միջով, բայց պահպանելով արժանապատվության զգացումը և հայրենիքի հետ շարունակական կապը: Թերթը նկարագրել է, թե ինչպես է հակամարտությունը հանգեցրել նախ շրջափակման և սովի, իսկ հետո՝ բնակչության լիակատար արտաքսման: Պարբերականը տեղի ունեցածի մասշտաբը համեմատել է այլ հումանիտար աղետների հետ և գրել, որ էթնիկ հայերը ստիպված են եղել լքել Արցախը 2023 թվականին, մինչդեռ աշխարհը «ոչինչ չի արել» նրանց արտաքսումը կանխելու համար: Պարբերականը շեշտել է, որ այդ ողբերգությունը միջազգային հանրության կողմից մնում է թերագնահատված և գրեթե մոռացված:
***
Միջազգային առաջատար լրատվամիջոցներն արձանագրում են Արցախյան պատերազմի և Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման ծանր հետևանքները, աճող աշխարհաքաղաքական ճնշումները և իշխանության ու եկեղեցու միջև աճող ներքին հակամարտությունը: Ուշադրության կենտրոնում են մնում տեղահանման հումանիտար հետևանքները, գերիների ճակատագրերը, ինչպես նաև խաղաղության պայմանավորվածությունների և տարածաշրջանային անվտանգության ապագայի շուրջ վեճերը:
Միաժամանակ համաշխարհային օրակարգում ամրապնդվում է նաև Հայաստանի մեկ այլ կերպար՝ մի երկիր, որը շեշտը դնում է տեխնոլոգիական զարգացման, կրթության և մարդկային կապիտալի վրա։ Նշվում է ՏՏ ոլորտի սրընթաց աճը, Սփյուռքի ակտիվ դերը և մշակութային արդյունաբերությունների նկատմամբ հետաքրքրության աճը՝ թորումից մինչև բարձր տեխնոլոգիաներ։
