2025 թվականը Հայաստանի համար վերջին շրջանում ամենալարված տարիներից մեկն էր՝ Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված ճգնաժամից մինչև քաղաքական-տնտեսական որոշումներ և անվտանգության ոլորտի փոփոխություններ։ Armenia Today-ը հավաքել է այն առանցքային գործընթացներն ու իրադարձությունները, որոնք կանխորոշել են երկրի օրակարգը տարվա ընթացքում։
Իշխանությունների հարձակումները ՀԱԵ-ի վրա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստում հայտարարել է, որ Հայաստանում եկեղեցիները վերածվել են «չուլանոցների», քանի որ «ով ինչ-որ տեղ ավելորդ բաներ ունի՝ տանում է եկեղեցի»։ Նա նշել է, որ երևույթը վիրավորում է իրեն «որպես հոգևոր զգացմունքներ ունեցող մարդու»։
Դրանից հետո սկսել է սոցցանցերում հրապարակել գրառումների շարք՝ ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) ներկայացուցիչների, ավելի ուշ նոր կաթողիկոսի ընտրության կոչ արել։ Հունիսի 2-ին նա կասկածի տակ է դրել Գարեգին Բ-ի կուսակրոնության ուխտի պահպանման փաստը։
Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ չի հրաժարվելու կաթողիկոսին հեռացնելու ծրագրերից և պատրաստ է անձամբ առաջնորդել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նրա ղեկավարությունից «ազատելու» գործընթացը: Նա նաև հայտարարել է, որ բացառում է փոխզիջումները Գարեգին Բ-ի հետ։
Եկեղեցու դեմ Փաշինյանի արշավին աջակցել են հոգևորականության մի շարք ներկայացուցիչներ, օրինակ՝ Հովհաննավանքի քահանա Արամ Ասատրյանը (այժմ՝ աշխարհական Ստեփան Ասատրյանը)։ Նա Գարեգին Երկրորդի որոշմամբ կարգալույծ է արվել Հանրային հեռուստաընկերության եթերում, սոցցանցերում հնչեցրած հայտարարություններից հետո․ Ասատրյանը նշել էր, որ 2021 թվականին հոգևորականներին պարտադրել են մասնակցել ընդդիմադիր հանրահավաքներին։ Փաշինյանը հայտարարել էր Ասատրյանի թիկունքին կանգնելու մասին։
Ավելի ուշ Փաշինյանը, ի պաշտպանություն կարգալույծ արված քահանայի, հայտարարել է հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում Ասատրյանի պատարագին մասնակցելու մտադրության մասին և այժմ պարբերաբար մասնակցում է պատարագներին՝ Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարության դեմ հանդես եկած հոգևորականների գլխավորությամբ։
Մի խումբ եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ նոյեմբերի 30-ին կաթողիկոսին կոչ են արել «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել: Հայտարարությունը ստորագրել է 10 հոգևորական՝ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Նավասարդ Կճոյանը, Աբրահամ Մկրտչյանը, Առաքել Քարամյանը, Սիոն Ադամյանը, Վազգեն Միրզախանյանը, Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Վրթանես Աբրահամյանը, Արտակ Տիգրանյանը, Գևորգ Սարոյանը: Նրանց մեծ մասն ավելի վաղ ստորագրել էր Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի հրաժարականի պահանջի տակ, ինչպես նաև մասնակցել էր վարչապետի հետ հանդիպմանը:
Հոգևորականների ձերբակալություններ
Փաշինյանը, ինչպես արդեն նշվեց, մայիսից քննադատում է Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարությանը և կաթողիկոսին փոխելու կոչ անում։ Ուժայինները հունիսին կալանավորել են արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանին։ Ընդհանուր առմամբ, իշխանությունը զավթելու փորձի գործով «Սրբազան պայքար» շարժման 15 կողմնակից է կալանավորվել։
Շիրակի թեմի արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանը նույնպես ազատազրկված է՝ նա կալանավորվել է 2025 թվականի հունիսին՝ իշխանությունը բռնի զավթելու կոչեր անելու մեղադրանքով։ Հոկտեմբերի 3-ին դատարանը Աջապահյանին դատապարտել է երկու տարվա ազատազրկման: Աջապահյանի մեղադրանքի հիմքում նրա մեկ տարի առաջ տված հարցազրույցն է, որտեղ հոգևորականը խոսում էր հեղաշրջման անհրաժեշտության մասին:
Սեպտեմբերին ԶԼՄ-ները հայտնել են, որ իշխանությունները մտադիր են օգտագործել կարգալույծ Ասատրյանի՝ ընդդիմության հանրահավաքներին հոգևորականներին հարկադրելու մասին ցուցմունքը, որպեսզի հիմնավորեն պետության միջամտությունը ՀԱԵ գործերին և կաթողիկոսի վարկաբեկումը:
Սամվել Կարապետյանի կալանքը
«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին ձերբակալել են հունիսին։ Ձերբակալման, ապա նաև կալանավորման որոշումը կայացրել են, երբ գործարարը հրապարակավ քննադատել է կաթողիկոսի և հոգևորականների վրա Հայաստանի իշխանությունների հարձակումները։
«Ի՞նչ կարծիք պետք է ունենամ, եթե մի փոքրիկ խումբ, մոռանալով Հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարամյա պատմությունը, հարձակվել է եկեղեցու, հայ ժողովրդի վրա: Ի՞նչ կարծիք պետք է ունենամ այս հարցի վերաբերյալ։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այս ամենին»,- հունիսի 17-ին News.am-ին տված հարցազրույցում նշել է Կարապետյանը։
Փաշինյանը կոշտ է արձագանքել Կարապետյանի հայտարարությանը՝ հրապարակելով մի շարք գրառումներ Ֆեյսբուքում։ Նույն օրը ուժայինները խուզարկություններ են սկսել Կարապետյանի տանը, որոնք տևել են մոտ 9 ժամ: Քննչական գործողությունների ավարտից հետո գործարարը ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ առանց ձեռնաշղթաների դուրս է եկել տնից և գնացել բաժին:
Դատարանը օգոստոսի 15-ին երկու ամսով երկարացրել է կալանքը։ Ավելի ուշ Վերաքննիչ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը խափանման միջոցը փոխելու վերաբերյալ՝ գործարարի կալանքը ուժի մեջ թողնելով մինչև հոկտեմբեր: Հոկտեմբերի 13-ին Հայաստանի քննչական կոմիտեն Կարապետյանի դեմ նոր մեղադրանք է առաջադրել՝ կապված ձեռնարկատիրական գործունեության հետ, իսկ հոկտեմբերի 16-ին դատարանը 30 օրով երկարաձգել է Կարապետյանի կալանքի ժամկետը։
Վերաքննիչ դատարանը նոյեմբերի 13-ին մերժել է Կարապետյանի կալանքի ժամկետը երկարացնելու դեմ բողոքը: Նույն օրը ՔԿ-ն միջնորդել է երկարաձգել գործարարի կալանքի ժամկետը։ Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 13-ին հրապարակել է որոշում, որով վերականգնել է Կարապետյանի գործով առաջադրված տնտեսական մեղադրանքների վերաբերյալ «հիմնավոր կասկածը»։ Հակակոռուպցիոն դատարանը նոյեմբերի 18-ին ևս երկու ամսով երկարացրել է Կարապետյանի կալանքը:
ՀԷՑ-ը պետական վերահսկողության տակ վերցնելու գործընթաց
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պետական վերահսկողության տակ առնելու իշխանությունների փորձերը սկսվել են այն բանից հետո, երբ ընկերության սեփականատեր Կարապետյանն իշխանությունների հարձակումների ֆոնին աջակցել է եկեղեցուն և հունիսի 18-ին ձերբակալվել իբր իշխանությունը զավթելու կոչերի համար:
Հայաստանի խորհրդարանը հուլիսի 3-ին երկրորդ ընթերցմամբ ընդունել է փոփոխությունների փաթեթներ, որոնք նախատեսում են ժամանակավոր կառավարչի նշանակում և սեփականության օտարում էներգետիկայի ոլորտում: Հուլիսի 8-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը երկու օրենքներ է ստորագրել: Հունիսի 30-ին ՀԷՑ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը Armenia Today-ին հայտնել է ընկերությունը վերահսկողության տակ վերցնելու հնարավոր փորձերի դեպքում միջազգային ատյաններ դիմելու ծրագրերի մասին։ Նույն օրը Կարապետյանի ընտանիքը պետական մարմիններին ծանուցել է ներդրումային վեճ սկսելու մասին՝ ներդրումային համաձայնագրի խախտմամբ ՀԷՑ-ի օտարման քայլերի պատճառով:
Հուլիսի 22-ին Ստոկհոլմի Առևտրի պալատի արբիտրաժային ինստիտուտը որոշում է կայացրել, որով Հայաստանի կառավարությանը պարտավորեցնում է զերծ մնալ ՀԷՑ-ի դեմ ուղղված հետագա գործողություններից: Օգոստոսի 4-ին դատարանը հաստատել է որոշման պարտադիր բնույթը, որն արգելում է ընկերության բռնագրավումը։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 17-ին որոշում է կայացրել դադարեցնել «Տաշիր կապիտալին» պատկանող ՀԷՑ-ի լիցենզիան։
Այժմ կառավարությունը քննարկում է ՀԷՑ-ի աշխատանքի երկու սցենար՝ ազգայնացում և սեփականաշնորհում։ Երկու դեպքում էլ իշխանությունները «ռազմավարական ներկայություն» կունենան ընկերության կառավարման մեջ։
Բաքվի և Երևանի միջև համաձայնագրի նախաստորագրումը
Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սպիտակ տանն օգոստոսի 8-ին կայացած բանակցությունների արդյունքում համատեղ հռչակագիր են ստորագրել:
Հռչակագրի շրջանակներում Հայաստանը և Ադրբեջանը պարտավորվում են մեկընդմիշտ դադարեցնել պատերազմները, բացել առևտրային, զբոսաշրջային և դիվանագիտական հարաբերություններ, ինչպես նաև հարգել միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:
Հռչակագրով նախատեսվում է TRIPP («Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղի»-խմբ.) նախագիծը, ինչը կդառնա հատուկ տարանցիկ տարածք, որ թույլ կտա Ադրբեջանին լիարժեք մուտք ունենալ դեպի Նախիջևան՝ միաժամանակ հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։
Թրամփը հայտարարել է, որ Հայաստանն ԱՄՆ-ի հետ «բացառիկ գործընկերություն» է ստեղծում այդ միջանցքի զարգացման համար, որի գործողության ժամկետը նախատեսված է 99 տարի: Նրա խոսքով՝ «իրենք խոստացել են 99 տարի անց երկարացնել նախագծի գործողության ժամկետը»։
Վաշինգտոնը նաև երկկողմ համաձայնագրեր է ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ էներգետիկայի, առևտրի և տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության ոլորտում համագործակցությունն ընդլայնելու համար: ԱՄՆ-ն նաև վերացնում է Ադրբեջանի հետ պաշտպանական ոլորտում համագործակցության սահմանափակումները:
Փաստաթղթում նշված է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները նախաստորագրել են Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստը: Կողմերը նաև ընդունել են համաձայնագրի ստորագրմանն ու վերջնական վավերացմանն ուղղված գործողությունները շարունակելու անհրաժեշտությունը և ընդգծել են երկու երկրների միջև խաղաղության պահպանման և ամրապնդման կարևորությունը։
Tashir Arena-ի բացումը
Հոկտեմբերին Երևանում տեղի է ունեցել «Տաշիր» ընկերությունների խմբի՝ Tashir Arena մշակութային և ժամանցային միջոցառումների բազմաֆունկցիոնալ կենտրոնի նախագծի բացումը։
«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Տաթևիկ Կարապետյանի խոսքով՝ Tashir Arena-ն դառնալու է հայկական կրկեսային դպրոցի զարգացմանն ուղղված կրթական կենտրոն: Նախագծի առանցքային խնդիրներից մեկը կդառնա էկոհամակարգի ձևավորումը արտիստների նոր սերնդի պատրաստման համար, որոնք կկարողանան ելույթ ունենալ համաշխարհային մակարդակի հարթակում՝ առանց երկիրը լքելու:
Ծրագրի շրջանակներում Tashir Arena-ն մեկնարկել է դրամաշնորհային և կրթաթոշակային ծրագրեր, ինչպես նաև կրթական նախաձեռնություններ՝ համագործակցելով հայկական և միջազգային կրկեսային դպրոցների հետ: Հարթակը նաև հիմք կհանդիսանա արտասահմանյան թատերախմբերի և համաշխարհային աստղերի հյուրախաղերի համար, ինչը թույլ կտա երիտասարդ արտիստներին ձեռք բերել գործնական փորձ և աշխատել համատեղ արտադրություններում:
Նոր համալիրը կառուցվել է Երևանի հին կրկեսի տեղում, որի շենքը, ըստ Կարապետյանի, տեխնիկական վիճակի պատճառով վերակառուցման ենթակա չէր: Նոր օբյեկտը նախագծվել է զրոյից՝ հաշվի առնելով միջազգային ստանդարտները։ Արենայի ստեղծմանը մասնակցել են ինժեներներ, ճարտարապետներ և տեխնոլոգիական ընկերություններ Եվրոպայից, ԱՄՆ-ից և Ճապոնիայից։
Tashir Arena-ի նոր ձևաչափի ոգեշնչման աղբյուրներից մեկը Luminar փորձարարական արվեստի տարածքն է, որը բացվել է 2023 թվականին։ Այստեղ հանդիսատեսը ոչ թե պարզապես հետևում է գործողությանը, այլ դառնում դրա համահեղինակը։ Luminar-ը միավորել է թվային պրոյեկցիաները, հարմարվողական ձայնը և ինտերակտիվությունը, ինչը տեխնոլոգիական և հուզական հիմք է դրել ապագա Tashir Arena-ի համար:
Tashir Arena-ն իր մեկնարկն սկսել է Eternia շոուով, որը կրկեսային արվեստի, թատրոնի, խորեոգրաֆիայի և թվային էֆեկտների միավորում է։
Tashir Arena-ի նախագծման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել մուլտիմեդիային և ձայնին։ Ձայնային ինժեներն աշխատել է կոմպոզիտոր Հանս Զիմմերի հետ, ով խորհուրդ է տվել ակուստիկայի վերաբերյալ։ Մուլտիմեդիա ենթահամակարգերի համար Tashir Arena-ն համագործակցել է ճապոնական Panasonic կորպորացիայի հետ։
Պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատում
Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումը մինչև 1,5 տարի կտարածվի այն քաղաքացիների վրա, որոնք կզորակոչվեն 2026 թվականի հունվարի 1-ից հետո: Նրանց համար, ովքեր արդեն ծառայության են անցնում, ժամկետը կմնա նույնը՝ 24 ամիս:
Սեպտեմբերին Պաշտպանության նախարարությունն օրինագիծ է ներկայացրել, որով նախատեսվում էր պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2026 թվականի հուլիսի 1-ից կրճատել մինչև 18 ամիս: Հոկտեմբերի 21-ին Փաշինյանը հայտարարել է, որ օրենքի նախագծի ընդունման դեպքում այն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 30-ին հավանություն է տվել նախագծին։ Նախագիծը պետք է հավանության արժանանա խորհրդարանի կողմից։
Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 21-ին հայտարարել է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները վերացնելու մասին:
Նոյեմբերի 5-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ ռուսական ցորենի խմբաքանակը երկիր է ժամանել Ադրբեջանի և Վրաստանի տարածքով: Նոյեմբերի 8-ին Ղազախստանից Հայաստան է ժամանել ցորենի խմբաքանակ՝ երկաթուղային ճանապարհով անցնելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքներով:
