Եկեղեցին շարունակի կանգուն մնալ. ազատազրկված արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսն ամանորյա ուղերձներ են հղել

Արքեպիսկոպոսներ Միքայել Աջապահյանը և Բագրատ Գալստանյանը, եպիսկոպոս Մկրտիչ Պռոշյանը, որ այսօր ազատազրկված են, ամանորյա ուղերձներ են հղել:

«Թող գալիք 2026-ը տարբերվի 2025-ից՝ հայոց մեր պաշտելի երկրին պարգևելով ճշմարիտ խաղաղություն, օջախներին՝ սեր, ջերմություն, հայ հավատավորին՝ սթափ միտք ու առավել բարեպաշտություն: Ոչինչ են անցողիկ ամեն ինչ անանցի դեմ հանդիման, ուր միակ ճշմարիտ թագավորը Տեր Աստված է», – իր ուղերձում նշել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը:

Նա մաղթել է, որ Ամանորի հրաշքով բացվեն բոլոր փակ դռները:

Բագրատ սրբազանն իր ուղերձը փոխանցել է կալանավայրում իրեն այցելած ընդդիմադիր պատգամավորների հետ:

«Իմ ուրախությունը ձեզ եմ փոխանցում, որ ձեր ուրախությունն ավելանա: Եվ թող ոչ ոք ձեր ուրախությունը չգողանա», – ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորի փոխանցմամբ՝ նշել է արքեպիսկոպոս Գալստանյանը:

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը շեշտել է, որ «Նոր տարվա շեմին և Սուրբ Ծննդյան լուսեղեն խորհրդի մեջ, թեև մարմնապես ձեզնից հեռու եմ, սակայն հոգով, աղոթքով և սիրով՝ ձեր կողքին եմ»։

«Անազատության պատերն անկարող են բաժանել այն միությունը, որ Հիսուս Քրիստոս հաստատել է մեր սրտերում, քանզի ոչ կապանքները, ոչ նեղությունները, ոչ հալածանքնեը, ոչ վտանգները չեն կարող բաժանել մեզ Աստծու սիրուց (Հմմտ․Հռոմ․ Ը․ 35)», – նշել է եպիսկոպոսը:

Նա հավելել է՝ աղոթում է, որ հայ ժողովուրդը չկորցնի իր հոգևոր ուղեցույցը, և որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին շարունակի կանգուն մնալ՝ հավատարիմ իր սրբազան կոչմանը և պատմական առաքելությանը։ 

Leave a Comment