Կրակոցներ՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են «Toyota Land Cruiser Prado»՝ կրակոցի բազմաթիվ հետքերով, և կրակված պարկուճներ

Դեկտեմբերի 31-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կոմիտաս 44 շենքի բակում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչև կժամանեին քրեական և համայնքային ոստիկանները՝ նշված վայրից հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։

Դեպքի վայրում քրեական ու համայնքային ոստիկանները հայտնաբերել են ռուսական համարանիշերով «Toyota Land Cruiser Prado» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդի կողքին՝ դռան վրա, հայտնաբերվել են մոտ 9 կրակոցի հետք ու արնանման հետքեր, իսկ դեպքի վայրում էլ՝ 12 կրակված պարկուճներ։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վիրավորի ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով վիրավորը քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամի»՝ Ռուստամ Ստեփանյանի հայրն է։

Leave a Comment