ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը առևտրի կենտրոնների շրջակայքում, ճանապարհներին և հասարակական ու բոլոր մարդաշատ վայրերում՝ ապահովելով քաղաքացիների անվտանգությունը

ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը տոնական օրերին կիրականացնեն ուժեղացված ծառայություն։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը առևտրի կենտրոնների շրջակայքում, ճանապարհներին և հասարակական ու բոլոր մարդաշատ վայրերում՝ ապահովելով քաղաքացիների անվտանգությունը, հաղորդում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Բարձր գնահատելով հանրապետության ավտոճանապարհներին փրկարարների և ոստիկանների 24/7 ռեժիմով ծառայությունը՝ նախարարը հորդորել է շարունակել եղանակային փոփոխություններով պայմանավորված, բարդ իրավիճակներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու և ահազանգերին օպերատիվորեն արձագանքելուն ուղղված միջոցառումները։
Նախարարը նշել է, որ հատկապես տոնական օրերին հանրային անվտանգության ապահովումը առավել համակարգված մոտեցում է պահանջում՝ հորդորելով ծառայողներին կենտրոնանալ հնարավոր դեպքերի, պատահարների կանխարգելման վրա։
Արփինե Սարգսյանը ոստիկաններին հանձնարարել է շարունակել խիստ վարչարարությունը օրինախախտների նկատմամբ՝ հատուկ ուշադրություն դարձնել ոչ սթափ վիճակում, ինչպես նաև առանց ձմեռային անվադողերի տրանսպորտային միջոցներ վարելու դեպքերին։
Նախարարը բարի և անփորձանք ծառայություն է մաղթել փրկարարներին ու ոստիկաններին։
Ստուգատեսից հետո ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության։