Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ իր երկիրը Հայաստանի հետ հարաբերություններում առաջ շարժվելու համար նախ անհրաժեշտ է համաձայնության գալ Ադրբեջանի հետ, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ուրալօղլուն նշել է, որ ներկայումս բանակցություններ են ընթանում՝ ընդգծելով, որ Հայաստանը դեմ չէ այս պես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։
«Ես խոսել եմ Հայաստանի նախկին և ներկա տրանսպորտի նախարարների հետ (ՏԿԵ նախարար-խմբ․)։ Նրանք մտադրություն չունեն դեմ լինելու «Զանգեզուրի միջանցքին»։ Հանդիպումներ են անցկացվում Ադրբեջանի հետ, և Թրամփը նույնպես ուշադիր հետևում է այս գործընթացին։ Ադրբեջանն ու Հայաստանը նախ պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ և համաձայնության գան։ Դրանից հետո Թուրքիան կկարողանա ավելի ակտիվ քայլեր ձեռնարկել Հայաստանի նկատմամբ՝ բարիդրացիական հարաբերությունների շրջանակներում։ Մեր նախագահը նույնպես այս դիրքորոշումն ունի»,- նշել է նա։
Նա հավելել է, որ Թուրքիան տեղյալ է ՀՀ վարչապետ Փաշինյանի ստանձնած «լուրջ պատասխանատվության մասին» այս փուլը առաջ մղելու համար։
«Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ղեկավարում է ամբողջ գործընթացը, և մենք համակարգված աշխատում ենք նրանց հետ»,- եզրափակել նախարարը։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որը օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:
