Կանանց գումարտակում․ առաջին Ամանորը՝ 19-ամյա զինծառայողի աչքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

19-ամյա Անգելինա Հարությունյանը կանանց գումարտակի ամենակրտսեր պայմանագրային զինծառայողն է։ Ծառայության հանդեպ սերը ձևավորվել է դեռ վաղ տարիքից։ Պատմում է՝ բարդ, բայց նաև պարտավորեցնող ճանապարհ է։

«Երբ ես տեսնում էի զինծառայողներին ու զինվորական համազգեստ կրող յուրաքանչյուր անձի, առանձնահատուկ վուրաբերմունք էի ցուցաբերում նրանց նկատմամբ և ցանկանում էի, որ ես էլ օրերից մի օր կրեմ այդ համազգեստը»,- նշում է պայմանագրային զինծառայողը։

Անգելինան Սյունիքի մարզից է։ Երևան է եկել ուսման նպատակով․ միաժամանակ  սովորում է երկու համալսարանում, ծանրաբեռնված գրաֆիկը պահանջում է կամք ու կազմակերպվածություն։ Ընդամենը 3 ամսվա ծառայությունն Անգելինային ավելի կարգապահ ու պատասախանատու է դարձրել, ասում է՝ այժմ որոշումներ կայացնելիս ավելի վստահ է ու հաստատակամ։

Ամանորի սպասումը կանանց գումարտակում չի խանգարում զինվորական կարգապահությանը․ օրը, ինչպես միշտ, սկսվել է առավոտյան տողանով, հետո՝ ֆիզիկական պատրաստություն, լսարանային դասեր։ 

Առաջին տարին է Անգելինան Ամանորը դիմավորում ծառայության մեջ՝ որպես պայմանագրային զինծառայող։ Ասում է՝ այս Ամանորն իր համար զարթոնքի ու վերածննդի խորհրդանիշ է։ 

«Որպես Զինված ուժերի զինծառայող՝ 2026 թվականին ցանկանում եմ խաղաղություն, ամենայն բարիք, և բոլորիս գործողություններն ի նպաստ լինեն Հայաստանի Հանրապետության զարգացմանն ու բարգավաճմանը։ Բոլոր զինծառայողներին, իմ ծառայակիցներին ու ընդհանրապես Հայոց բանակին մաղթում եմ ուժ, եռանդ, կամք, նաև անսահման համբերություն մեր ծառայության ու նվիրական գործի մեջ»,- ամանորյա ուղերձ է փոխանցում 19-ամյա պայմանագրայինը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան

 

 

 

Leave a Comment