2026 թվականը կլինի Հայ ազգի հաղթանակի տարի․ հաղթանակ՝ քաղաքական, ինքնության, անվտանգային և պետական արժանապատվության վերականգնման իմաստով. «Քոչարի» կուսակցության ուղերձը


«ՔՈՉԱՐԻ – Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք» Կուսակցության Ամանորի և Սուրբ Ծննդի շնորհավորական ուղերձը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Սիրելի հայրենակիցներ՝

Հայաստանում, Արցախից զրկված մեր ցավոտ սրտի խորքերում, և Սփյուռքի ամեն անկյունում ապրող մեր մեծ ընտանիք, 2025 թվականը չի հեռանում լուռ։ Այն իր հետ տանում է հիասթափություններ, անվտանգային ձախողումներ, սոցիալական ճգնաժամ, պետական ինստիտուտների թուլացում և խոսքի ազատության նկատմամբ անվստահություն։ Դա ցավ է, որը չենք թաքցնում․ այն իրականություն է, որից չենք փախչում։ Այդ իրականությունը մեզ պարտադրում է մնալ կանգուն, պայքարող և անսասան։

2025 թվականը դարձավ հայության զարթոնքի տարի՝ գիտակցության, պատասխանատվության ու ազգի ինքնության նոր համախմբման սկիզբ։

Եվ մենք այսօր հավատարիմ ու վստահ հայտարարում ենք՝ 2026 թվականը կլինի Հայ ազգի հաղթանակի տարի․ հաղթանակ՝ քաղաքական, ինքնության, անվտանգային և պետական արժանապատվության վերականգնման իմաստով։

Այս տարի մենք տեսանք իշխանության սխալ որոշումների և անպատրաստության հետևանքները, բայց տեսանք նաև մեկ այլ բան՝ մեր ժողովրդի ներքին չմարող ուժը։ Մենք շարունակում ենք մեր ճանապարհը՝ ոչ թե ամբիցիայի, այլ արդարության պահանջի վրա կառուցված․ մեր պայքարը մնում է անփոփոխ, անխախտ և արժանապատվությամբ առաջնորդված։

Բայց այս պայքարը չէր կարող գոյություն ունենալ առանց մեր կողքին կանգնած մարդկանց։ Մեր թմակիցնե՛ր, մեր հետևորդնե՛ր, մեզ սատարողնե՛ր- դո՛ւք եք շարժման թիկունքը։ Դո՛ւք եք տարածում մեր խոսքը, պահում հավատը, կրում դժվարության բեռը: Ամեն մեկն, ով կանգնած է մեր կողքին, ունի արժեք, ունի տեղ, ունի դեր։ Մեր հաղթանակը լինելու է ընդհանուր հաղթանակ, և մեր առաջիկա ճանապարհը՝ կնշվի ձեր անուններով։

Այս գիշեր, երբ հազարավոր ընտանիքներ տոնական սեղանների շուրջ կխմեն խաղաղության և հույսի կենացներ, կան մարդիկ, որոնց շնորհիվ այդ հույսը ընդհանրապես հնարավոր է։

Մեր զինվորը – նա գիշեր կանգնելու է դիրքերում՝ սառը քամու ու մթության մեջ, բայց ամուր պահելով մեր տան դուռը։ Թող Աստված պահի յուրաքանչյուր զինվորի։ Թող Նոր տարին նրանց համար գա ոչ թե ձյան, այլ տան գրկի ջերմության հետ։

-Մեր ծառայողները – բժիշկներ, փրկարարներ, ոստիկաններ,  ճանապարհային աշխատակիցներ, երկաթուղու ու կենսական համակարգերի հերթապահներ․ թող ձեր ընտանիքներն օրհնված լինեն, ձեր սրտերը՝ գնահատված, ձեր ծառայությունը՝ տեսանելի։

Եվ մի խոսք նաև մեր երկրի ազատ խոսքի մարտիկներին՝ լրագրողներին։

Շնորհակալ ենք այն լրատվամիջոցներին և լրագրողներին, ովքեր անդրադարձել են մեզ՝ նույնիսկ այն ժամանակ, երբ դա հեշտ չէր․ մենք գնահատում ենք ձեր ծառայությունը, ձեր զենքը՝ խոսքը, ձեր պարտքը՝ ճշմարտությունը։ Իսկ նրանց, ովքեր այս տարի ընտրեցին լռությունը,  մենք նույնպես շնորհակալություն ենք հայտնում․ լռությունն էլ երբեմն խոսում է, և այն, որպես երևույթ, այսօր տեսանելի է համակարգի մեջ։

Մենք հավատում ենք, որ գալիք տարում ազատ մամուլը ոչ թե կվախենա անդրադառնալ խնդիրներին, այլ կհիշի իր իրական պարտականությունները ժողովրդի առաջ․ ինչպես վիրաբույժը բժշկում է մարմինը, այնպես լրագրողը բուժում է հանրային գիտակցությունը։

Սիրելի ժողովուրդ, Այս տարի մենք ձեզ ցանկանում ենք ոչ թե պարզապես երջանկություն, այլ՝ կապույտ երկինք․ Երկինք առանց անորոշության, առանց լռեցման, առանց վախի։ Երկինք, որտեղ հայը կարող է խոսել բարձր, ապրել հպարտ, ստեղծել և շարունակել։

Իշխանություններին մենք ուղերձ ենք հղում՝ ոչ թե որպես հակառակորդներ, այլ որպես քաղաքացիների ձայն․ Նոր տարին մի սկսեք խոսքի ազատության սահմանափակմամբ, լրագրողների կամ քաղաքացիների վրա ճնշումներով։ Ժողովրդի ձայնը չի լռեցվում – այն կամ լսում են, կամ պատմությունն է ստիպում լսել։

Եվ եթե նույն սխալ ուղին շարունակվի, ապա 2026 թվականին ժողովուրդը կասի իր խոսքը՝ ուժով, արժանապատվությամբ և ընտրությամբ։ Թող գալիք տարին մեզ բերի հույսի վերածնում, ազգի զարթոնք, պետության արժանապատիվ վերականգնում և միասին՝ Հայաստանի հաղթանակը։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Հարգանքով՝ «ՔՈՉԱՐԻ – Ազգային Վերածնունդ և Ազգի  Զարթոնք» Կուսակցություն»:

Leave a Comment