Իշխանազանցություն ուղիղ եթերում․ Փաշինյանն ահաբեկում է բիզնեսին՝ հանուն բանկերի և ոչ միայն

Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը բացեիբաց ահաբեկում է բիզնեսին։ Հրահանգում է «ձև գտնել» ու փակել խանութը, որը համարձակվել է վարչապետի աշխատակազմի աշխատակցին ասել, թե կանխիկով ու անկանխիկ առևտրի դեպքում ապրանքի գները տարբեր են։ Զարմանում ես, որ կառավարության ղեկավարը մինչև հիմա չգիտի, թե ինչո՞ւ է այդպես։

Թե ինչո՞ւ է այդպես, դրան դեռ կանդրադառնանք, եթե չգիտի, թող իմանա։ Բայց մինչ այդ չենք կարող չասել, որ այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, պաշտոնական դիրքի չարաշահում է, իշխանազանցում կամ օրինազանցում։ Ու նման հրահանգ տալու համար նա ենթակա է պատասխանատվության։ Այլ բան, որ Հայաստանում չկա որևէ իրավապահ կառույց, որ համարձակվի պատասխանատվության կանչել նրան։

Փոխարենը՝ կպատժեն խանութի սեփականատիրոջը, որ համարձակվել է իրեն նման «հանդգնություն» թույլ տալ ու վարչապետի աշխատակազմի ներկայացուցչին ասել, թե կանխիկով ու անկանխիկ առևտրի դեպքում գները տարբեր են։

«Վատ լուր ունեմ ձեր համար, պարոն Հակոբյան. Էն օրը վարչապետի աշխատակազմից գնացել են բան առնելու, ասել են՝ եթե կանխիկով կտաք փողը՝ ուրիշ գին ա, եթե քարտով կվճարեք՝ ուրիշ գին։

Ինչ է նշանակում՝ Երևան քաղաքի կենտրոնում վարչապետի աշխատակազմը գնա առևտուր անի, ասեն՝ դե գիտես, ընկեր ջան, մեր մոտ այսպես ա, եթե այսպես անեք, այսպես կանենք։ Փակեք էդ խանութը, ձևը գտեք, փակեք էդ խանութը, ստուգելու եմ։ Չգիտեմ՝ ասածս ինչքանով է… փակեք այդ խանութը, այդ խանութում առևտուր պետք է չլինի, իմ վրա եմ վերցնում անձնական պատասխանատվությունն ու ամեն օր կողքով անցնելու եմ, մինչև անձնական թույլտվությունս չլինի, այդ խանութը պետք է չբացվի։ Կզեկուցեք անձամբ»,- ասում է Նիկոլ Փաշինյանը՝ հրահանգելով ՊԵԿ նախագահին «ձև գտնել» ու փակել խանութը։

ՊԵԿ նախագահն էլ լուռ լսում է ու գլխով համաձայնության նշան տալիս։ Չի ասում, որ իրավունք չունեն խանութ փակել։ Դա նույնիսկ տուգանքի ենթակա արարք չէ, ո՞ւր մնաց, թե փակման ենթակա լինի։

Բայց նույնիսկ դա չէ էականն այս ամենի մեջ։ Շատ ավելի ցավալի երևույթի հետ գործ ունենք. Կառավարության ղեկավարը, որը հրահանգում է «ձև գտնել» ու փակել խանութը, ինչո՞ւ չի կարող նույն կերպ հրահանգել «ձև գտնել» ու «փակել» քաղաքական ու անցանկալի ընդդիմախոսներին։ Տեսնում ենք, չէ՞, թե ինչպես են իրավապահ մարմինները կաշվից դուրս գալիս՝ չեղած տեղից մարդկանց վրա գործ սարքելու ու «փակելու» համար։

Նույն Սամվել Կարապետյանի օրինակը բոլորի աչքի առաջ է։ Հրահանգով «ձև գտան» ու գործ սարքեցին մարդու վրա, այն էլ՝ միլիարդատիրոջ, խոշոր գործարարի ու բարերարի վրա։ Պատկերացրեք, թե ինչ կարող են անել մյուսների դեպքում։ Մի խանութն ի՞նչ է, որ «ձև չգտնեն» ու չփակեն։ Ո՞նց կարող են չկատարել կառավարության ղեկավարի հրահանգը։

Այս դեպքում գործ ունենք բացեիբաց տրված հրահանգի հետ։ Իսկ քանի՞ այդպիսի հրահանգներ կարող են թաքուն տրված լինել։

Վերջին շրջանում հաճախակի են խոսակցություններ պտտվում այն մասին, թե ինչպես են տարիներ շարունակ բարեհաջող գործող խանութները, հարկայինի ստուգումներից հետո, փակվում ու անցնում իշխանությունների սրտի օլիգարխի տիրապետության տակ։ Խոսքը՝ հասարակության շրջանում տարածված լուրերով, Աննա Հակոբյանի անվան հետ կապվող հայտնի «88» խանութների կամ սուպերմարկետների ցանցի մասին է, որը գնալով ընդլայնվում է ու կլանում ուրիշների բիզնեսը։

Կարո՞ղ էր այս դեպքերում էլ հրահանգ լինել՝ «ձև գտնել»։ Իսկ ինչո՞ւ ոչ։

Անկախ նրանից, թե նպատակը որն է, այն, ինչ կառավարության նիստում հրահանգեց Նիկոլ Փաշինյանը, տեռոր է բիզնեսի նկատմամբ։ Ի՞նչ է նշանակում «ձև գտնել» ու փակել բիզնեսը, արգելել առևտուրն այնքան ժամանակ, քանի չկա իր անձնական թույլտվությունը։ Սա անթույլատրելի է։ Հրահանգներով կամ ուղղորդումներով բիզնեսի վրա հարձակվելը հղի է տնտեսության համար վատ հետևանքներով։ Բայց վերջին տարիներին բազմիցս ենք ականատես եղել, երբ քաղաքական շարժառիթներով ու հրահանգներով հարձակվել են մարդկանց բիզնեսների վրա։

Հիշենք, թե ինչպես «Սրբազան շարժման» ժամանակ հարկայինն ու իրավապահները միանգամից գրոհեցին աջակիցներից մեկի՝ «GG» տաքսի ծառայության սեփականատիրոջ բիզնեսի վրա, առգրավեցին եղած գույքն ու փաստաթղթերը, խնդիրներ ստեղծեցին բիզնեսի գործունեության համար։ Մինչև հիմա էլ հայտնի չէ, թե ինչքանո՞վ հաստատվեցին ենթադրյալ խախտումները։

Նույն ՀԷՑ-ը դրա ամենացայտուն օրինակներից մեկն է։

Բիզնեսին ահաբեկելու այսպիսի փորձերը քաղաքական իշխանության համար սովորական երևույթ են դարձել։ Հայտնի խանութի պարագան գուցե մի փոքր այլ է. Այս դեպքում խնդիրը ոչ այնքան քաղաքական է, որքան տնտեսական ու ֆինանսական։

Թե ինչպե՞ս է, որ գները տարբեր են կանխիկ ու անկանխիկ առևտրի դեպքում, շատ պարզ բացատրություն ունի։ Պատճառը բանկային համակարգի հետ է կապված։ Անկանխիկի դեպքում գումար ստացողը՝ այս դեպքում՝ խանութը, միջնորդավճար է վճարում բանկին, որը դուրս է գալիս ապրանքի գնից։ Ու քանի որ բանկերի ախորժակը շատ է բացվել, վերջին 1-2 տարիներին բարձրացրել են միջնորդավճարները, դա ի վնաս տնտեսվարողների է։

Տնտեսության հաշվին բանկերը բարձր շահույթներ են ստանում ու հարստանում։ Իսկ սրան կառավարությունն ու կառավարության ղեկավարը բացարձակ ուշադրություն չեն դարձնում։ Անտարբերությամբ հետևում են, թե ինչպես են բանկերը թալանում տնտեսությանը։  Դրա համար էլ բանկերը հարստանում են, իսկ մյուսները՝ տուժում։

Այսպիսի «մանրուքների» մեջ, բնականաբար, Նիկոլ Փաշինյանը չի խորանում։ Իրական մեղավորներին թողած՝ խանութին է թիրախ դարձրել։ Այնքան է ոգևորվել իր չիմացության մեջ, որ արդեն կանխիկն է ուզում ընդհանրապես վերացնել։

«Ժողովուրդ, ինչների՞ս է պետք կանխիկ փողը, մի հատ կարա՞ք բացատրեք։ Ի՞նչ են անում մարդիկ կանխիկով»,- կառավարության անդամներին հարցնում է Նիկոլ Փաշինյանը, և ոչ մեկը չի համարձակվում բացատրել, որ կանխիկով առևտուրն ընդունված է ամբողջ աշխարհում ու դա ոչ թե նրանց բարի ցանկությունն է, այլ անհրաժեշտություն։

Կանխիկն ուզում է վերացնել, որ բանկերն ավելի շատ փող աշխատեն։ Բանկերին թողած՝ խանութների հետևից է ընկել։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Leave a Comment