«Օնեքս» ընկերությունը օրեր առաջ հրապարակում էր արել, որում պնդում է, թե հանդիսանում է «բացարձակ առաջատար» Onex Post։ Մենք որոշեցինք լրագրողական հետազոտություն իրականացնել՝ պարզելու, արդյոք նշված պնդումները համապատասխանում են իրականությանը։
Արդյունքում պարզեցինք, որ «Օնեքս» -ը չի հանդիսանում բացարձակ առաջատար որևէ ոլորտում՝ և իր գովազդային հրապարակումներում՝ մոնիպուլացնելով նեղ ոլորտային ճշգրիտ տվյալները, մոլորեցնում է մարդկանց:
Ստորև մանրամասն ներկայացնում ենք, թէ ինչպես եկանք տվյալ հետևության։
Օնեքսը 2015թ – ից մինչ այսօր հանրությանը ներկայանում է որպես ընկերություն, որը օգտատերերին արտերկրում պահեստային հասցեներ է տրամադրում, ապա, այդ պահեստներում ստացված ծանրոցները առաքում է Հայաստան: Ուստի գործունեություն է ծավալում հստակ սահմանում ունեցող ոլորտում և կարող է մրցակցել բացառապես նմանատիպ ծառայություններ մատուցող ընկերությունների հետ՝ Գլոբբինգ, Շիփեքս, Բեր – Բեր և այլն։
Միաժամանակ Օնեքսը 2024 թ – ից ծառայություն մատուցելով Temu օնլայն հարթակին՝ Temu-ի հաճախորդների համար կատարում է ներքին առաքում՝ Հայաստանի ներսում:
Ստացվում է, որ այս պարագայում ընկերությունը ծառայություն է մատուցում ներքի՛ն առաքումների շուկայում, հետևաբար կարող է մրցակցել ներքին առաքումներ իրականացնող ընկերությունների հետ՝ ինչպիսիք օրինակ՝ Yandex Առաքում, Հայփոստ տեղական առաքումներ և այլն:
Ինչով է այս տարբերակումը կարևոր:
Խնդիրն այն է, որ երբ «Օնեքս» ընկերությունը հայտարարում է, թե առաջատարն է, սպառողին ներկայացնում է այս երկու՝ իրարից տարբեր ծառայությունների միավորված թվերը՝ տեղական, ներքին առաքման ծառայություններ և առցանց եղանակով հասցեի տրամադրման միջոցով արտերկրից դեպի ՀՀ ապրանքների առաքման ծառայություններ: Սպառողն, իհարկե, այս նեղ ոլորտային տարբերությունները չի կարող տարբերակել, և տպավորություն է ստեղծվում, որ «Օնեքս» ընկերությունը դիտավորյալ միավորում է իր տարբեր ծառայությունների ցուցանիշները՝ ավելի մեծ թիվ հրապարակելու նպատակով, ինչն էլ մոլորեցնող է սպառողի համար:
Հատկանշական է նաև, որ Օնեքսը օգտագործում է «3-րդ երկրներից առաքում» ձևակերպումը, որը ոչ մասնագետի համար հասկանալի չէ։ Իրականում 3-րդ երկիր են համարվում ԵԱՏՄ կազմից դուրս գտնվող բոլոր երկրները։ Տվյալ դեպքում ինչ միտում կարող է հետապնդել Օնեքսը ԵԱՏՄ երկրները այս համեմատությունից դուրս թողնելով։ Բանն այն է, որ այս պարագայում համեմատությունից դուրս է մնում նաև Ռուսաստանի Դաշնությունը, որտեղից Հայաստան են ներմուծվում ապրանքների ճնշող մեծամասնությունը այնպիսի առցանց հարթակներից ինչպիսիք են Wildberries-ը, Ozon-ը։ Ուստի 3-րդ երկիր եզրույթի օգտագործումը Օնեքս-ին թույլ է տալիս տվյալ համեմատությունից դուրս թողնել Wildberries, Ozon կայքերի ներմուծած ապրանքների ցուցանիշները: Իսկ վերջիններիս ծավալները անգամներով ավել են, քան Temu հարթակից ներմուծված գնումները: Այս կերպ, Օնեքսը հնարամտորեն իր համար առավել շահեկան թվեր է հրապարակում:
Արդյունքում ունենում ենք պատկեր, որտեղ Օնեքս ընկերությունը նախ երկու ոլորտում մատուցած ծառայությունները ներկայացնում է որպես միասնական արդյունք և հանրության մոտ տպավորություն է ստեղծում, որ առաջատար է այն հիմանկան ոլորտում, որտեղ գործունեություն է ծավալում 2015 -ից։ Միևնույն ժամանակ, հանդիսանալով Temu հարթակին ներքին առաքման ծառայություն մատուցող ընկերություն, համեմատությունից դուրս է թողնում Temu հարթակի ուղիղ մրցակից Wildberries, Ozon հարթակներին:
Իսկ Օնեքսի առաջնային գործունեության ոլորտը (առցանց եղանակով հասցեի տրամադրման միջոցով այլ երկրից դեպի Հայաստան ապրանքների առաքման ծառայությունների ոլորտ) ուսումնասիրելիս պարզեցինք, որ Օնեքս-ը այս ոլորտում ևս առաջատար չէ: Ոլորտի առաջատարը Գլոբբինգ ընկերությունն է և շուկայի բաշխվածությունը ոլորտի այս երկու ընկերությունների միջև վերջին հինգ տարիների ընթացքում մոտավոր հետևյալն է՝ Գլոբբինգ շուրջ 65 %, Օնեքս շուրջ 35 %։
Բաց աղբյուրների ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել են նաև այլ փաստեր, որոնք ևս կարող են գնահատվել որպես մոլորեցնող: Մասնավորապես հանդիպեցինք դեպքերի, որտեղ «Օնեքս»-ը հայտարարում է, որ հանդիսանում է ոլորտի առաջին ընկերությունը, մինչդեռ մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ առաջինը եղել է USA2Yerevan /Յու էս էյ թու Երևան/ ընկերությունը, որն իր գործունեությունը սկսել է «Օնեքս»-ից գրեթե մեկ տարի առաջ։