Վաշինգտոնյան համաձայնությունը տարվա լավագույն ձեռքբերումն է. հսկայական քայլ արվեց դեպի խաղաղություն. Վարդանյան


Հայկական խորհրդի ասոցացված փորձագետ Էդգար Վարդանյանը կարծում է, որ 2025 թվականը դրական առումով անսպասելիորեն շրջադարձային էր Հայաստանի համար:

Ըստ նրա՝ թեև պաշտոնական Բաքվի, այսինքն՝ Իլհամ Ալիևի հռետորաբանության տոնայնությանը՝ պատերազմ սկսելու հավանականությունը բացառված էր:

Նրա խոսքով՝ չնայած ԱՄՆ-ում վարչակարգի փոփոխություն եղավ, սակայն ապացուցվեց, որ Հայաստանին լուրջ են վերաբերվում, որն էլ բերեց օգոստոսի 8-ի փաստաթղթի ստորագրմանը. «Վաշինգտոնյան համաձայնությունները պետք է ընդունենք որպես տարվա լավագույն ձեռքբերում: Կյանքի կոչվեցին գործողություններ, որոնք բխում են օգոստոսյան համաձայնություններից: Հսկայական քայլ է արվել դեպի խաղաղություն»:

Վարդանյանն ասում է՝ որոշ ներքաղաքական շրջանակների խաղաղությունը ձեռնտու չէ, քանի որ դրա արդյունքում ամրապնդվելու է կայունությունը. «Սա իշխանության ձեռքբերումն է, իսկ այդ շրջանակներն ուզում են, որ այս իշխանությունները իշխանություն չլինեն»:

Զրուցակցի խոսքով՝ ընդդիմությունը չունի խաղաղության օրակարգ. «Չենք հասկանում, թե որն է իրենց ձևը»:

Միաժամանակ նա նկատում է. ««Մեր ձևովը» հենց էնպես հայտարարություն չէ. դա կարող է դիտարկվել վտանգավոր, ոչ սահմանադրական ճանապարհի անոնս»:

Վարդանյանը ընդգծում է. «Խոսում են ղարաբաղցիների վերադարձի մասին, սակայն չեն ասում, թե ոնց են դա իրականացնելու, ինչ պայմաններով»:

Ինչ վերաբերում է «Գելափ»-ի հարցումներին, վերջինս նկատում է. «Ուզում են ասել՝ Քոչարյանի վրա որպես գլխավոր ընդդիմադիրի խաղադրույք չենք դնում, հույսը «Մեր ձևով»-ի թեկնածուի վրա է»:

Էդգար Վարդանյանը կարծիք է հայտնում, որ հոգևոր վերնախավը ռադիկալ ընդդիմադիր մաս է դարձել, և վաղուց կուսակցական գործունեություն են ծավալում:

«Եկեղեցու ներսում խորքային ճգնաժամ կա՝ հաշվի առնելով հոգևորականների ընդվզումները: Գարեգին Բ-ն դատապարտե՞լ է Աջապահյանի հայտարարությունը, եթե չի դատապարտել, ուրեմն հա՞շտ է հակասահմանադրական ճանապարհով իշխանություն փոխելուն: Ժողովրդավար պետության պարագայում հոգևորականների մոնոպոլ դիրքը խարխլվում է: Մարդիկ հարցեր են տալիս, և այդ հարցերը սասանում է իրենց դիրքերը: Հեղափոխությունից հետո ստիպված են հաշվետու լինել: Հարցը կլուծվի կաթողիկոսի հրաժարական տալով. եկեղեցին պետությունից դուրս չէ, պետք է հաշվետու լինել»,- ասում է նա:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

98 դիտում

Leave a Comment