Տոնական օրերին ինչպես խուսափել սննդային գործոնով պայմանավորված թունավորումներից. (ՈՒՂԵՑՈՒՅՑ)

Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները, վարակիչ հիվանդություններ և թունավորումներ ստանալու համար


ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները, սննդային գործոնով պայմանավորված, վարակիչ հիվանդությունների առաջացման համար։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ ընդգծելով, որ այդ օրերին ավելի հաճախ են օգտագործվում երկար, ոչ պատշաճ պայմաններում պահված, բազմակի տաքացված կերակրատեսակներ:


Բացի այդ, կարող են օգտագործվել իրար հետ ոչ համատեղելի մթերքներ, որոնք ևս կարող են մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումների պատճառ դառնալ:


Տոնական օրերին, սննդային գործոնով պայմանավորված, վարակիչ հիվանդություններից և թունավորումներից խուսափելու համար գերատեսչությունը ուղեցույց է ներկայացրել.


– գնումներ կատարել խանութներից, ոչ թե` անկազմակերպ վաճառքի կետերից,


– գնումներ կատարելիս ուշադրություն դարձնել մթերքի պահպանման պայմաններին, պիտանիության ժամկետին, արտաքին տեսքին,


– աղցանները, մսային կերակրատեսակները, դոնդողը պատրաստել տանը, քիչ քանակներով՝ պահպանելով հիգիենայի կանոնները,


– իսկ եթե պատրաստի կերակրատեսակները ձեռք են բերվել խանութներից, ուշադրություն դարձնել պատրաստման և իրացման ժամկետներին, պահպանման պայմաններին, ջերմաստիճանին,


– կիսապատրաստված մթերքներն օգտագործելուց առաջ անպայման ենթարկել կրկնակի ջերմային մշակման,


– խմորեղենը, կրեմով տորթերը սառնարանում պահել 3 օրից ոչ ավելի,


– ձեռքերն անպայման լվանալ սնունդ պատրաստելուց առաջ և ամեն անգամ հում մթերքին դիպչելուց հետո,


– հում և պատրաստի մթերքի մշակման ժամանակ օգտագործել առանձին մասնատման տախտակներ, դանակներ,


– մանրազնին լվանակ կանաչին, միրգը և բանջարեղենը,


– խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից, իսկ օգտագործելու դեպքում այն եռացնել 15-20 րոպե,


– չգնել ու սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր:


«Այդուհանդերձ, եթե ունենաք մարսողության խանգարումներ, սրտխառնոց, ցավեր որովայնի շրջանում, անհապաղ դիմե՛ք բժշկի»,-նշվում է հաղորդագրության մեջ։


 

Leave a Comment