ԵՄ-ի հետ ՀՀ-ի ինտեգրումը հակասության մեջ է մտնում ԵԱՏՄ-ում ստանձնած պարտավորությունների հետ. Գալուզին

Մոսկվան ճանաչում է Եվրամիության հետ հարաբերությունները զարգացնելու Հայաստանի իրավունքը, սակայն գտնում է, որ խոսքը ոչ միայն համագործակցության, այլև ինտեգրման մասին է, որը ենթադրում է հայկական օրենսդրության ներդաշնակեցում ԵՄ նորմերին: Նման կուրսը, ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինի խոսքով, անխուսափելիորեն հակասության մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում երկրի ստանձնած պարտավորությունների հետ: Այս մասին Գալուզինը հայտարարել է «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում։

Գալուզինն ընդգծել է, որ Հայաստանը մնում է Ռուսաստանի դաշնակիցն ու ռազմավարական գործընկերը, իսկ երկկողմ հարաբերությունների առանցքային պարամետրերը չեն փոխվում: Այդ հարցերը, նրա համոզմամբ, հայկական կողմի հետ անկեղծորեն քննարկվում են երկկողմ ձևաչափերով, ներառյալ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը:

Նա նաև հիշեցրել է ԵԱՏՄ մարմինների դեկտեմբերյան նիստերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցության մասին, որտեղ հաստատվել է եվրասիական ինտեգրումը շարունակելու Երևանի մտադրությունը: ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցությունը երկրին շոշափելի տնտեսական օգուտներ է բերում:

2015-ին միությանն անդամակցելուց ի վեր հանրապետության ՀՆԱ-ն ավելի քան կրկնապատկվել է՝ հասնելով 26 մլրդ դոլարի, ընդ որում՝ հայկական արտահանման մոտ 37 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին: Արտահանումը դեպի ԵՄ երկրներ, ռուսական կողմի տվյալներով, զգալիորեն ցածր է։ Գալուզինը նաև հայտարարել է, որ Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ իր բոլոր իրավունքներով և պարտականություններով, իսկ Ռուսաստանը հանդես է գալիս կազմակերպության աշխատանքներին նրա լիարժեք մասնակցության օգտին՝ այդ ձևաչափը համարելով առանցքային Հանրապետության անվտանգության ապահովման համար:

Leave a Comment