Քննչական կոմիտեն ատելության խոսքի տարածման և ինքնիշխանությունը զավթելու հոդվածներով Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում է կայացրել, տեղեկացրել է Ղուկասյանի փաստաբան Արարամայիս Հայրապետյանը։
Փաստաբանը հայտնել է, որ Ղուկասյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչ, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 5 տարով-խմբ․) հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում է կայացվել մեղսագրված արարքը չկատարելու հիմքով։
Հայրապետյանը հավելել է, որ որոշվել է նաև Ղուկասյանի նկատմամբ ՔՕ 329-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 4 տարով-խմբ․) հանրային քրեական հետապնդում չհարուցել՝ մեղսագրված արարքը չկատարելու հիմքով։
Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը հավելել է, որ քննիչը գործը կարճելու միջնորդությունը ներկայացրել է՝ հիմք ընդունելով լեզվաբանական ու հոգեբանական փորձաքննություն արդյունքները։
«Այսինքն, սա հետնահանջ է այն մեղադրանքից, ըստ որի, իբրև թե, Ղուկասյանը ընդդեմ ՀՀ-ի ինքնիշխանության կոչերով էր հանդես եկել»,- հավելել է Փոստանջյանը։
Հոկտեմբերի 20-ի առավոտյան իրավապահները քննչական գործողություններ էին իրականացրել Գյումրիի քաղաքապետարանում, այնուհետև կաշառք պահանջելու մեղադրանքով ձերբակալել համայնքի 8 պաշտոնյայի, այդ թվում՝ Ղուկասյանին, որին դատարանը 2 ամսով կալանավորել էր հոկտեմբերի 21-ի առավոտյան։
Հոկտեմբերի 26-ին Ղուկասյանին երկրորդ մեղադրանքն էր առաջադրվել Հայաստանի «ինքնիշխանությունից հրաժարվելու հրապարակային կոչերի» համար։ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի բակում Ղուկասյանը հայտարարել էր՝ «ով դեմ է, որ Հայաստանը միանա Միութենական պետությանը, թրքահպատակ շան տղա է»։
Նոյեմբերին նրա նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում էր հարուցվել խուլիգանության հատկանիշներով։
