Ես հստակ կարող եմ մի բան ասել, որ «Հայրենիք» կուսակցությունը որևէ լումա ընտրակաշառք չի բաժանել Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում, նման ապացույցներ չկան ու չեն էլ կարող լինել․ ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ մեկնաբանելով կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանին այդ մեղադրանքով ձերբակալելու փաստը։
«Չենք խոսում ռեցիդիվիստի մասին, խոսում ենք քաղաքական գիտությունների դոկտոր պրոֆեսորի մասին, շատերը գիտեն, թե ինչ պարկեշտ մարդ է նա։ Եթե արդյունքում պարզվի, որ ենթադրյալ հանցագործությունը տեղի է ունեցել նոյեմբերի 16-17-18-ին, և այդ ժամանակ տվյալներ են ստացել իրավապահները, և տվյալների իրացումն արել են մեկուկես ամիս ուշ, ապա պետք է քրեական պատասխանատվության ենթարկել իրավապահներին անգործության համար»,- ասաց Վանեցյանը։
Ավելի վաղ նա Խաչիկ Գալստյանի ձերբակալությունը քաղաքական էր որակել։