Շուրջ 50 000 մարդ միացել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման նախաձեռնած էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման համապետական ստորագրահավաքին, հայտնել է շարժման անդամ Գոհար Մելոյանը։
Հավաքված ստորագրությունները նախատեսվում է ուղարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ պահանջելով սակագների անհապաղ վերանայում՝ հիմնվելով պահանջվող եկամուտների իրական և գնահատված թվերի, ինչպես նաև գնված էլեկտրաէներգիայի արժեքի միջև դրական տարբերության վրա: Շարժումը նաև առաջարկում է տնտեսված միջոցներն ուղղել սպառողների, այդ թվում՝ սոցիալապես առավել խոցելի խմբերի համար սակագների նվազեցմանը:
Դեկտեմբերի 3-ին «Մեր ձևով» ժողովրդական շարժումը հայտարարել էր էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման համապետական ստորագրահավաքի մեկնարկի մասին։ Շարժման տվյալներով՝ 2024 թվականի նոյեմբերից մինչև 2025 թվականի մայիսը հաշվարկային ցուցանիշների դրական տարբերությունը կազմել է 3,6 միլիարդ դրամ, իսկ մինչև հոկտեմբեր այն աճել է մինչև մոտավորապես 6 միլիարդ դրամ։ Կարգավորող մարմինը նախկինում մերժել էր սակագների նվազեցման նախաձեռնությունները, սակայն կուտակված խնայողությունները, ըստ շարժման, շարունակել են աճել։
