ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, որով ակնկալվում է ներդնել քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց կողմից վարքագծի կանոնների խախտման համար կարգապահական պատասխանատվության արդյունավետ կառուցակարգեր։ Նշվում է, որ նախագծի ընդունումը քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց համար լրացուցիչ խթան կհանդիսանա՝ բարեվարք և պատասխանատու վարքագծի դրսևորման համար, ինչպես նաև թույլ կտա ապահովել քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի նկատմամբ իրավաչափ վերահսկողությունը, վարքագծի կանոնների խախտման դեպքում համապատասխան իրավական հետևանքների անխուսափելիությունը։
Օրենքը կլրացվի հետևյալ բովանդակությամբ․
«Հոդված 28.1. Քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց կարգապահական պատասխանատվությունը
1. Փոխվարչապետների, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, նախարարների կամ նրանց տեղակալների կողմից վարքագծի կանոնի խախտման առերևույթ հատկանիշներ հայտնաբերելու դեպքում համապատասխան պաշտոնատար անձին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը դիմում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ խախտման առկայության կամ բացակայության վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով։
2. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից խախտման առկայության վերաբերյալ եզրակացությունը «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված կարգով հրապարակվելուց հետո տասնօրյա ժամկետում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը կարող է որոշում կայացնել խախտում կատարած պաշտոնատար անձի նկատմամբ հետևյալ կարգապահական տույժերից մեկը նշանակելու մասին․
1) նախազգուշացում.
2) նկատողություն․
3) խիստ նկատողություն․
4) պաշտոնից ազատում։
3. Կարգապահական տույժ նշանակելու վերաբերյալ որոշման պատճենը հնգօրյա ժամկետում ուղարկվում է կարգապահական տույժի ենթարկված անձին։
4. Վարքագծի կանոնի մեկ խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ։ Կարգապահական տույժ նշանակելիս հաշվի են առնվում խախտման բնույթը, բովանդակությունը, այն հանգամանքները, որոնց պայմաններում կատարվել է խախտումը, խախտման հետևանքները, նախկինում նույն պաշտոնատար անձի նկատմամբ կարգապահական տույժեր կիրառված լինելու, ինչպես նաև տույժի նշանակման պահին այլ կարգապահական տույժեր ունենալու հանգամանքները:
5. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից խախտման բացակայության վերաբերյալ եզրակացություն տրված լինելու դեպքում կարգապահական տույժ չի կարող նշանակվել։
6. Կարգապահական տույժ չի կարող նշանակվել, եթե խախտումը կատարելու օրվանից անցել է 12 ամիս:
7. Եթե սույն հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, տույժի ենթարկված պաշտոնատար անձը նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա նա համարվում է կարգապահական տույժ չունեցող:
8. Պաշտոնատար անձին քաղաքացիաիրավական, վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելը չի բացառում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը և հակառակը։»:
Ըստ նախագծի հիմնավորման՝ օրենքը նախատեսում է, որ կարգապահական պատասխանատվության վերաբերյալ դրույթները կիրառելի չեն քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ, այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջացել կատարել վերը նշված լրացումը։
Նախագծով առաջարկվում է քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց կողմից վարքագծի կանոնների խախտման դեպքում նույնպես նախատեսել կարգապահական պատասխանատվություն, քանի որ կարգապահական պատասխանատվության բացակայության պայմաններում նշված պաշտոնատար անձանց կողմից համապատասխան խախտման դեպքերը որևէ իրավական հետևանք չեն առաջացնում, ուստի և չեն սահմանափակում քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց՝ զերծ մնալու նմանատիպ խախտումներից։
Հասմիկ Սարգսյան
—00—ԼԱ